Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հրապարակված և Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 27-ի N 1377-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նածագիծը, որով առաջարկվում է նախատեսել միասնական մոտեցում՝ Նախագծով թվարկված մի խումբ պաշտոնատար անձանց ունեցած սոցիալական երաշխիքների նկատմամբ։
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2021 թվականի օգոստոսի 27-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տրամադրելու կարգը և չափերը սահմանելու մասին» N 1377-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածի 2-րդ կետով սահմանվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) ծառայողի՝ մշտական ծառայողական վայրից (համայնքից) 30 կմ և ավելի հեռավորությամբ ծառայության նշանակված կամ ծառայության գործուղված լինելու դեպքում բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության պարագայում տրամադրվելիք դրամական փոխհատուցման չափերը՝ բնակելի տարածության վարձակալության համար:
Ո՞ր դեպքում է ծառայողին փոխհատուցում տրամադրվում
Ծառայողին բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տրամադրվում է միայն այն դեպքերում, երբ վերջինս նշանակվում է ծառայության կամ գործուղվում է իր մշտական ծառայողական վայրից 30 կմ և ավելի հեռավորությամբ։
Խնդիրները
Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համար նախատեսված կարգավորումն, ըստ էության, չի արտահայտում քննարկվող հարցի վերաբերյալ արդեն իսկ այլ պաշտոնատար անձանց մասով առկա կարգավորումներով ձևավորված միասնական մոտեցումը, ըստ այդմ, բավարար չափով ամբողջական չէ, ինչպես նաև հնարավորություն չի տալիս ապահովելու Կոմիտեի ծառայողների սոցիալական երաշխիքների իրացումն ամբողջ ծավալով։
Համեմատական զուգահեռներ անցկացնելով
Դատական համակարգի, դատախազական համակարգի, ինչպես նաև քննչական համակարգի մարմինների պաշտոնատար անձանց և ծառայողների համար սույն հարցի վերաբերյալ առկա կարգավորումների միջև, ակնհայտ է դառնում հետևյալը.
- «Անհրաժեշտության դեպքում, պայմանավորված քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին իր բնակության վայրից 30 կմ և ավելի հեռավորությամբ վայրում ծառայության նշանակմամբև բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինությամբ, նրան օրական վճարվում է դրամական փոխհատուցում բնակելի տարածության վարձակալության դիմաց՝ (…)»։
- «Անհրաժեշտության դեպքում, պայմանավորված դատախազին իր բնակության վայրից 30 կմ և ավելի հեռավորությամբ վայրում«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նշանակելիս կամ գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինությամբ, նրան օրական վճարվում է դրամական փոխհատուցում բնակելի տարածության վարձակալության դիմաց` (…)»։
- «Իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված դատավորինտվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում (այսուհետ՝ դատավորին բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում) Բարձրագույն դատական խորհրդի սահմանած դեպքերում տրամադրվում է դատավորի կողմից՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումի հիման վրա, (…)»:
Վերը վկայակոչված որոշումների ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ որպես դրանցով սահմանված շրջանակի անձանց որոշակի փոխհատուցում ստանալու հիմք, ի թիվս այլնի, նախատեսված է նաև այդ անձանց իրենց մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակելը։
Այլ կերպ՝ նշված որոշումներից հստակ է այն մոտեցումը, որ անձին իր բնակության վայրից 30 կմ և ավելի հեռավորությամբ այս կամ այն պաշտոնին նշանակելիս վերջինս ունի ողջամիտ ակնկալիք որոշակի փոխհատուցում ստանալու համար։
Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը
Վերջիններիս պարագայում որոշակի փոխհատուցում ստանալու իրավունքը ծագում է բացառապես արդեն իսկ պաշտոնի նշանակված լինելու դեպքում մշտական ծառայողական վայրից որոշակի հեռավորությամբ այլ վայր ծառայության նշանակվելու կամ գործուղվելու պարագայում։
Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը անձամբ է հոգում իր ծախսերը
Բացառապես նշված կարգավորման ամրագրված լինելու պայմաններում առաջանում է այնպիսի իրավիճակ, երբ ծառայողը Հակակոռուպցիոն կոմիտեում, ինչը գտնվում է իր մշտական բնակության վայրից 30 կմ և ավելի հեռավորության վրա, պաշտոնի նշանակվելիս անձամբ է պարտավոր հոգալու իր որպես օրինակ մշտական բնակության վայրից դուրս բնակության վայրի վարձավճարը, ի տարբերություն` մյուս պաշտոնատար անձանց։
Ի՞նչ է անհրաժեշտ
Անհրաժեշտ են կարգավորումներ, որոնք միասնական կլինեն վերը նշված բոլոր պաշտոնատար անձանց դեպքում և ըստ այդմ՝ կարտահայտեն պետության կողմից որդեգրած միասնական մոտեցումն ու քաղաքականությունը։
Ներպետական օրենսդրության առկա կարգավորումներից էլ պարզ է դառնում, որ բոլոր դեպքերում, պաշտոնյային բնակելի տարածությամբ ապահովելիս կամ բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցում տրամադրելիս անհրաժեշտորեն կարևոր է նաև որպես ելակետ ընդունել անձին՝ բնակության վայրից որոշակի հեռավորության վրա ծառայության նշանակելու հանգամանքը։
Ըստ միջազգային փորձի
Որպես օրինակ Organisation for Economic Co‑operation and Development (OECD)‑ի ծառայողների կանոնակարգի Կանոն 16/4-ում նշված է, որ պաշտոնյան, իր բնակության վայրից 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այլ վայր ծառայության տեղափոխվելիս, կարող է ստանալ «installation allowance» («տեղափոխման նպաստ»)։
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Նախագծով առաջարկվում է նախատեսել միասնական մոտեցում՝ Նախագծով թվարկված մի խումբ պաշտոնատար անձանց ունեցած սոցիալական երաշխիքների նկատմամբ։
Առաջարկվող կարգավորման բնույթը.
Կառավարության որոշման հավելվածում կատարել լրացում՝ նախատեսելով Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին՝ իրենց բնակության վայրից 30 կմ և ավելի հեռավորությամբ ծառայության նշանակվելու կամ ծառայության գործուղվելու դեպքում բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության պարագայում ստանալու համապատասխան դրամական փոխհատուցում՝ բնակելի տարածության վարձակալության համար:
Արդյունքում․
Առաջարկվող լրացմամբ գործնականորեն կերաշխավորվի Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների՝ իրենց բնակության վայրից որոշակի հեռավորությամբ պաշտոնի նշանակվելիս համապատասխան փոխհատուցում ստանալու ողջամիտ ակնկալիքը, ինչն էլ իր հերթին ամբողջությամբ համապատասխանում է պետության քաղաքականությանը՝ հաստատել հստակ, իրավական և կիրառելի կարգ, որը ապահովում է պաշտոնատար անձանց իրավունքների պաշտպանությունը և հավասարաչափ մոտեցման սկզբունքը։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026 թվականների միջոցառումների ծրագիր.
Բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման հավելվածի 4․6-րդ բաժնի դրույթներից, համաձայն որի՝ ընդլայնվելու են պետական հատվածի աշխատողների սոցիալական երաշխիքները։
Բյուջետային ազդեցությունը
ՀՀ պետական բյուջեի եկամուտներում ակնկալվում է շուրջ 15.0 մլն. դրամի չափով ծախսի ավելացում: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների բնակության վայրերի մասին ուսումնասիրության արդյունքում: