Մոսկվան պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ TRIPP-ի պարամետրերի և ՌԴ հնարավոր մասնակցության վերաբերյալ. ԱԳՆ

Մոսկվան պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ «Թրամփի ուղու» պարամետրերի և նախաձեռնությանը Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ 4–րդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը:

«Հայ-ամերիկյան նախագծի մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն։ Պատրաստ ենք խորհրդակցել հայ գործընկերների հետ՝ քննարկելու ինչպես նախաձեռնության պարամետրերը, այնպես էլ ռուսական հնարավոր մասնակցությունը», – ասել է նա։

Ըստ Կալուգինի՝ ըստ էության, խոսքը փոխվարչապետերի եռակողմ (հայ-ռուս-ադրբեջանական-խմբ.) աշխատանքային խմբի շրջանակներում համաձայնեցված երթուղու հատվածի մասին է։

«Տարածաշրջանն օգտագործում է ռուսական երկաթուղային գծեր: «Թրամփի ուղին» մեծասամբ անցնելու է մեր սահմանապահների պատասխանատվության տարածքով։ Պետք է հաշվի առնել նաև Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, պարզ է, որ մեր գործընկերները չեն կարող առանց Ռուսաստանի», – նշել է նա:

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել Սյունիքով անցնող ճանապարհ, որն ապաշրջափակվելու է «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի» (TRIPP) ծրագրով։ Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։

Leave a Comment