Հայաստանի Հանրապետության նկատմամբ, իհարկե, հնարավոր է լինեն հիբրիդային հարձակումներ, մասնավորապես մեր ժողովրդավարությունը վտանգի տակ դնեն և տարբեր տեսակի կեղծ լուրերով կամ ընտրակաշառքային մեխանիզմներով փորձ կատարվի որոշակի շրջանակների կողմից, որոնք տիրապետում են միլիարդավոր դոլարների, ազդել ընտրությունների վրա։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով լուրերին, որ Հայաստանը ԵՄ–ից օգնություն է խնդրել ընտրություններին արտաքին միջամտությունը կանխելու համար։
«Կան որոշակի երկրներ, որոնք թիրախային չեն ցանկանա, որպեսզի Հայաստանում լինեն ազատ, ժողովրդավարական ընտրություններ և ժողովրդի կողմից ընտրված իշխանություն։ Բնականաբար, երկրների սուվերեն իրավունքն է պաշտպանել այդ պետությունների և ժողովուրդների շահը, և ես կարծում եմ, որ շատ նորմալ է, որ մենք այդպիսի հարձակումներից մեր ժողովրդավարությունը և մեր պետությունը պաշտպանենք»,- ասաց նա։
Հարցին՝ Ռուսաստա՞նն է Հայաստանում հիբրիդային պատերազմ տանում, թե՞ Եվրամիությունը, Պապոյանը պատասխանեց. «Ես որևէ երկրի կամ տարածաշրջանի անուն չտվեցի։ Ցանկացած երկիր կամ տարածաշրջան, ցանկացած անձ՝ կլինի դա նախկին պաշտոնյա, այլ երկրի օլիգարխ, թե որևէ այլ մեկը, եթե նա կփորձի ազդել Հայաստանի Հանրապետության ընտրությունների վրա կեղծիքների, փողի, ընտրակաշառքի, կեղծ լուրեր տարածելու, ընդհանրապես ժողովրդավարության վրա տարբեր հարցակումերով, ես կարծում եմ, որ դա ոչ միայն ժողովրդավարության իրավունքն է, այլ պարտավորությունն է պաշտպանել իրեն և ժողովրդավարությունը։ Դրա համար պետք է ունենա, այո, փող, անհրաժեշտ ուժ, պետք է ունենա գիտելիքներ և անհրաժեշտ ժամանակին գործի կտրուկ և հատուկ»։
Մանրամասն՝ տեսանյութում։