ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել «Զվարթնոց»-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է ներկայացրել օրերս «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որը վերաբերում է ՀՀ քաղաքացի հանդիսացող ուղևորներից մեկի և մաքսային ծառայության աշխատակիցների միջև ծագած իրավիճակին։

ՊԵԿ-ի հաղորդմամբ՝ ուղեբեռի ստուգման վերաբերյալ մաքսային ծառայողների օրինական պահանջին քաղաքացին արձագանքել է ագրեսիվ և անթույլատրելի վարքագծով՝ կիրառելով հայոյախառն արտահայտություններ, դրսևորելով անհարգալից վերաբերմունք և խոչընդոտելով ծառայողական պարտականությունների կատարմանը։

Տեսաձայնագրությունից երևում է, որ քաղաքացին հրավիրվել է առանձնասենյակ՝ իրավիճակը կարգավորելու նպատակով, սակայն շարունակել է խախտել հասարակական կարգը՝ բարձր տոնայնությամբ խոսելով և կատարելով ձայնարկումներ։

Իրավիճակի լարումը կանխելու համար սահմանված կարգով ներգրավվել են ՀՀ ներքին գործերի նախարարության աշխատակիցները։

Պետական եկամուտների կոմիտեն դատապարտում է պետական ծառայողների նկատմամբ ցանկացած տեսակի անհարգալից կամ ագրեսիվ վարքագիծ՝ ընդգծելով, որ մաքսային հսկողության գործընթացները իրականացվում են բացառապես օրենքի շրջանակում և պարտադիր են կատարման համար։

Leave a Comment