«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը լրագրողների հետ զրույցում ամփոփել է «Օսասունայի» դեմ տարած հաղթանակը, որը թիմին թույլ տվեց 7 միավորով առաջ անցնել Մադրիդի «Ռեալից»։
«Ամենակարևորը երեք միավորն է։ Մենք վերահսկում էինք խաղի ընթացքը՝ գնդակին տիրելով ժամանակի գրեթե 80%-ում, և հուսալի էինք գործում պաշտպանությունում։ Թեև բազմաթիվ գոլային պահեր չստեղծեցինք, բայց կարողացանք երկու գնդակ խփել։ Միշտ էլ հաճելի է հանդիպումն ավարտել առանց բաց թողած գոլի, ինչի համար շնորհավորում եմ պաշտպանությանն ու ողջ թիմին», — նշել է մարզիչը։
Անդրադառնալով ֆուտբոլիստների անհատական ելույթներին՝ Ֆլիկն առանձնացրել է Պեդրիին և Ռաֆինյային.
«Առաջին գոլի դրվագում ճիշտ օգտագործեցինք ազատ տարածությունը։ Պեդրին անհավանական է, նա լավագույնն է՝ թոփ մակարդակի ֆուտբոլիստ։ Ինչ վերաբերում է Ռաֆինյային, ապա նա առանցքային ֆիգուրներից է։ Կարևոր է, որ նա դուբլի հեղինակ դարձավ՝ ևս մեկ քայլ առաջ կատարելով։ Այսօր դժվար էր ազատ գոտիներ գտնելը, բայց երբ դրանք ստեղծվեցին, մենք օգտագործեցինք պահերը հենց Պեդրիի ու Ռաֆինյայի շնորհիվ»։
Գերմանացի մասնագետը խոսել է նաև մրցաշարային պայքարի և մրցակիցների մասին.
«Ես չեմ ցանկանում խոսել մրցակիցների մասին, դա ինձ ուղղված հարց չէ։ Եթե մեր հաղթանակը ճնշում է գործադրում մրցակցի վրա, դա նրանց խնդիրն է։ Մնացածն ինձ չի հետաքրքրում։ Մենք պետք է շարունակենք պահել այս նշաձողը։ Թիմը վերականգնվել է, լավ է խաղում, բոլոր ֆուտբոլիստները շարքում են, և գրեթե բոլորը պատրաստ են 100 տոկոսով»։
Ֆլիկը նաև հավելել է, որ արդեն կենտրոնացած են «Վիլյառեալի» դեմ առաջիկա արտագնա խաղի վրա, իսկ գավաթային հանդիպման կազմի վերաբերյալ որոշում կկայացնեն առաջիկա օրերին։
«Հիանալի է խաղալ «Սփոթիֆայ Կամպ Նոու» մարզադաշտում։ Մենք հաղթել ենք բոլոր տնային խաղերում, և դա կարևոր է։ Բոլորս շատ ուրախ ենք այս ֆանտաստիկ ստադիոն վերադառնալու համար»,- Ֆլիկի խոսքը մեջբերում է AS-ը։