ԵՄ կառույցները մոտ ապագայում սկսելու են ստուգել Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։ Դա վերաբերում է տարբեր ոլորտների։ Օրինակ, միայն վիզաների ազատականացման ճանապարհին, որի շուրջ բանակցություններ սկսելու քաղաքական որոշումը կայացվեց ամիսներ առաջ, Հայաստանը պետք է բազմաթիվ աշխատանքներ կատարի։ Բարեփոխումների ընթացքը Հայաստանի պաշտոնյաները ներկայացնում են տարբեր հարթակներում և տարբեր պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ։ Սակայն, գալու է պահը, որ նաև ստուգողները տեղում ուսումնասիրեն գործընթացը։ Այս պահի դրությամբ եվրոպացի պաշտոնյաները տպավորված են Հայաստանի կատարած աշխատանքով։
Ամենաթարմ զարգացումները այս թեմաներով Բրյուսելում ներկայացրել է Հայաստանի ներքին գործերի նախարարը, որը գլխավոր բանակցողն է վիզաների ազատականացման հարցում։ Իսկ Հայաստանի արտգործնախարարը Երևանում ԵՄ անդամ պետությունների դիվանագետների հետ քննարկել է ավելի լայն հարցեր։
ԵՄ առաջին գնահատող խումբն առաջիկայում այց է ծրագրում Հայաստան՝ վերլուծելու վիզաների ազատականացման գործընթացի առաջին փուլում կատարած աշխատանքը։ Ժամկետներ չեն նշվում։ Իսկ մինչև այդ Հայաստանի պաշտոնյաները տարբեր հարթակներում են ներկայացնում իրավիճակը։
Այդպես, օրինակ, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց ներկայացրել վիզաների ազատականացման համատեքստում ընթացող բարեփոխումները, կենսաչափական համակարգի ներդրման ընթացքը։ Տարբեր հանդիպումներում քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի, կազմակերպված հանցավորության, հիբրիդային սպառնալիքների հետ կապված հարցերը և կիբերհանցագործությունների դեմ պայքարի շուրջ գործակցությունը։

Այս հանդիպումների ընթացքում պարզ դարձավ, որ Եվրամիության ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուները նույնպես Հայաստան է այցելելու, բայց 2026–ի մարտին։ Իսկ մինչև այդ, Հայաստանի ներքին գործերի նախարարը նրան է ներկայացրել վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների, այդ թվում ՝ բիոմետրիկ համակարգի ներդրման, առողջության համընդհանուր ապահովագրության և այլ ուղղություններով շոշափելի քայլերը։ ԵՄ հանձնակատարը տպավորված է եղել վիզաների ազատականացման շրջանակում կառուցողական երկխոսությունից։
Առանձին հանդիպումներից բացի նախարարը Բրյուսելում մասնակցել է Անօրինական միգրացիայի դեմ պայքարի գլոբալ դաշինքի 2-րդ միջազգային համաժողովին, որին ներկա էր շուրջ 80 պատվիրակություն։ Նա պանելային քննարկման ժամանակ ելույթ է ունեցել։

«ՀՀ-ն այս մասնակցությամբ նաև միացել է Գլոբալ դաշինքին, ինչը թույլ է տալիս միավորելու ջանքերը անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցում, որն, ըստ էության, դարձել է արդեն համաշխարհային մարտահրավեր։ Այստեղ կարիք կա իրականում միավորելու ջանքերը։ Նշեմ նաև, որ մասնակցել ենք պանելային քննարկման, որտեղ անդրադարձել ենք նաև թվային գործիքների միջոցով անօրինական միգրացիայի դեմ պայքարի կարևորությանը, նաև թվային գործիքները դիտարկվել են թե՛ որպես առավելություն և թե՛ որպես մարտահրավեր, որի շրջանակներում կարող են այսպիսի հարցերն առաջանալ»։
Բրյուսելյան հանդիպումներում Արփինե Սարգսյանը ընդգծել է, որ Հայաստանը վճռականորեն շարժվում է հետևյալ միջոցառումների իրականացման ուղղությամբ․
✔ կենսաչափական փաստաթղթերի համապարփակ ենթակառուցվածքի ստեղծում, որը լիովին համապատասխանում է ICAO-ի՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ամենաբարձր ստանդարտներին,
✔ սահմանների կառավարման արդյունավետության բարձրացում՝ իրավական դաշտի և ենթակառուցվածքների համալիր վերանայման, ռիսկերի վերլուծության գործիքների ներդրման, ինչպես նաև տվյալների կառավարման համակարգերի արդիականացման միջոցով,
✔ ԵՄ երկրներում առանց թույլտվության բնակվող ՀՀ քաղաքացիների համար ռեադմիսիոն ընթացակարգերի ամրապնդում՝ Հայաստանի արդեն իսկ բարձր կատարողականի պահպանմամբ։
Վիզաների ազատականացման ուղղությամբ կատարած աշխատանքներին հետևող ԵՄ գնահատող խմբի առաջիկա այցին և ստուգումներին ընդառաջ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը լավատես է։
«Գործողությունների ծրագիրը մոտ մեկ ամիս առաջ հանձնվեց հայկական կողմին։ Շատ նորմալ, ստանդարտ, իրագործելի գործողությունների մասին է խոսքը։ Ես այնտեղ որևէ բարդություն իրականացման տեսանկյունից չեմ տեսնում։ Ժամանակի տեսանկյունից կարող է լինեն որոշակի տարբեր ընկալումներ` մի քիչ շուտ, մի քիչ ուշ, բայց բովանդակային առումով ես խնդիր չեմ տեսնում դրա իրագործման»։

Եղոյանի կարծիքով՝ կարևորը՝ վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի հետ բանակցություններ սկսելու քաղաքական որոշումը կայացված է։ Այդ գործընթացին լրացուցիչ լիցք են հաղորդում Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի ստորագրումն ու, ինչու՝ ոչ, օգոստոսի 8-ի վաշինգտոնյան պայմանավորվածությունները։
Օգոստոսի 8-ից հետո թափը այնքան մեծ է, ըստ Եղոյանի՝ որ այն այլևս կողքից կասեցնել կամ խոչընդոտել տարբեր հայտարարություններով հնարավոր չէ։ Փաստաթղթերը և գործընթացները միմյանց չեն հակասում, առավել ևս՝ չեն հակասում խաղաղության օրակարգին։
«Միակողմանիորեն, ուղղակի, առանց մասնակից պետությունների՝ և՛ Միացյալ Նահանգների մոտեցումների, և՛ ընդհանրապես միջազգային հանրության ընկալման, չես կարող ուղղակի քո մտքին եկածը, քմահաճույքը ասես ու սպասես, որ դա կարող է գետնի վրա աջակցություն ստանալ։ Ուրեմն առանց այս ընկալման չեմ կարծում, որ այդ գործընթացը հնարավոր կլինի կանգնեցնել։ Այո, դանդաղեցնել՝ միգուցե նման փորձ արվի, բայց ես դրա նշաններն էլ չեմ տեսնում։ Նկատի ումեմ՝ պրոցեսը միտումնավոր դանդաղեցնելու»։

2025 թվականին ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման հարցում արձանագրված նշանակալից ձեռքբերումներն, ակտիվ դինամիկան, ինչպես նաև 2026 թվականին նախատեսվող առաջնահերթ քայլերն ու անելիքները առանձին քննարկվել են նաև Հայաստանի արտգործնախարարությունում՝ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ անդամ պետությունների` Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։