Առողջության ապահովագրության փաթեթը կակտիվանա հունվարի 1–ից, վճարման ամսաթիվը կլինի մինչև հունվարի 20–ը․ նախարար

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Առողջության ապահովագրության փաթեթները կակտիվանան հենց հունվարի 1–ից, բայց վճարման ամսաթիվը կլինի մինչև հունվարի 20–ը։

Այս մասին հայտատարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում՝  «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ։

Նախարարը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթում կատարվել են բովանդակային և խմբագրական որոշ փոփոխություններ:

«Օրենքը ուժի մեջ մտնելու ժամկետի մասով մենք ունենք փոփոխություն․ այն ուժի մեջ կմտնի ստորագրման հաջորդ օրվանից», – ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ նոյեմբերը կհամարվի ապահովագրավճար վճարողների համար առաջին հաշվարկային ամիսը, քանի որ դեկտեմբերը բացառիկ ամիս է աշխատավարձերի և պարգևավճարների լրացուցիչ հաշվարկի համար։

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագծին և կից օրենսդրական փաթեթին:

ՀՀ-ում առողջության պարտադիր ապահովագրության համակարգի մասին

2026 թվականին՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին անցնելու առաջին փուլում (2026-2028), ապահովագրված կլինի 1.7 միլիոն ՀՀ բնակիչ։ Նրանց թվում են 18 տարեկանից փոքր և 65 տարեկանից բարձր անձինք, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձինք և սոցիալական նպաստներ ստացողները։ Այս անձանց համար պետությունը կծածկի ծախսերի 100%-ը։ Այս համակարգը կներառի նաև 190,000 աշխատող քաղաքացու, որոնց ամսական եկամուտը գերազանցում է 200,000 դրամը։ Առողջության ապահովագրության փաթեթի արժեքը կկազմի տարեկան 129,600 դրամ, որը կվճարվի ամսական։ 

Ապահովագրությունը կծածկի ամենապահանջված ծառայությունները, այդ թվում՝ ամբուլատոր բուժօգնությունը, կլինիկա այցելությունները, ընտանեկան բժշկի այցելությունները, մասնագետների խորհրդատվությունները և տարեկան որոշակի քանակությամբ լաբորատոր հետազոտություններ։ Ծառայությունների ցանկը կընդլայնվի և կհստակեցվի՝ ներառելով որոշակի վիրաբուժական միջամտություններ, այդ թվում՝ ակնաբուժական (կատարկտ), սրտանոթային և այլն։

2026 թվականի բյուջեով առողջության ապահովագրության համակարգի ներդրման համար հատկացված է 127 միլիարդ դրամ։

Leave a Comment