Երևանի պետական համալսարանում մեկնարկած նոր «Mini MBA» ծրագիրը (Բիզնեսի կառավարման մինի ծրագիր) նախատեսված է ոչ բիզնես-մասնագիտություններով ուսանողների, ասպիրանտների և շրջանավարտների համար:



Ծրագիրը նպատակ ունի մասնակիցներին ծանոթացնել բիզնեսի և կառավարման հիմնարար սկզբունքներին, նրանց մոտ զարգացնել ռազմավարական մտածողություն և առաջնորդության հմտություններ՝ տեխնոլոգիական ծրագրերի և թիմերի արդյունավետ կառավարման համար, սովորեցնել ներկայացնել իրենց բիզնես-գաղափարները, վստահ և հստակ հաղորդակցման սկզբունքները, ինչպես նաև՝ ծանոթացնել էթիկայի և կայունության վրա հիմնված պատասխանատու և ներառական բիզնես-միջավայրի գործունեության սկզբունքներին։

«Ես կուզեի դիմել այն մարդկանց, ովքեր գիտնական են։ Որովհետև նրանք շատ դժկամությամբ են վերաբերվում ցանկացած առաջարկի։ Մենք ուզում ենք իրենց ասել, որ այն, ինչին դուք հասել եք, այն հետազոտությունները, որոնք դուք ունեք, դրանք շատ հաճախ կարող են կիրառելի լինել և կարող են բիզնես գաղափարի սկիզբ դառնալ։ Դա դուք պետք է անեք»,- ասում է ԵՊՀ բիզնես ինկուբատորի ղեկավար Ռուբեն Գևորգյանը։
Այս ծրագիրը հարթակ է ստեղծում նորարար և հմուտ մասնագետների ձևավորման համար, ովքեր պատրաստ են առաջնորդել և նոր գաղափարներ գեներացնել այդ հարթակում։

«Շատ հաճախ, իմ կյանքի փորձից ելնելով նաև, ես ասում եմ, որ շատ բաներ բաց եմ թողել, շատ բաներ վախից չեմ արել։ Պետք չէ վախենալ։ Երբեմն այնպես է ստացվում, որ ավելի շատ բաներ ես կարողանում անել, քան մտածում էիր։ Սա համարձակության մասին չէ։ Կարող ես համարձակ լինել, բայց վախենալ սխալվելուց»,- ասում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, Mini MBA ծրագրի մասնակից Նանե Վարդանյանը: