Կոչումով կապիտան կին զինծառայողը խարդախության միջոցով հափշտակել է 6․080․000 ՀՀ դրամ

Դեկտեմբերի 9-ին Կապանի կայազորի զինվորական դատախազությունում քրեական գործ է հարուցվել խարդախության եղանակով գումար հափշտակելու դեպքի առթիվ։ Գործը մակագրվել է դատավոր Վազգեն Սմբատյանին։ Այս մասին Iravaban.net տեղեկանում է DataLex դատական տեղեկատվական համակարգից։

Դեպքի հանգամանքները

Ֆ․Հ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա,հանդիսանալով Թիվ Ն զորամասի շարային խմբի պետ, կոչումով կապիտան 2020թ․-ի սեպտեմբերից մինչև 2023թ․-ը ներառյալ մեկ միասնական դիտավորությամբ կատարել է խարդախություն, այն է՝ վստահությունը չարաշահելու եղանակով Կ․Բ․-ից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր առմամբ 6.080.000 ՀՀ դրամ։

Ֆ․Հ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ երկու հոդվածով․

1․ՀՀ ՔՕ  255 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով

Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով՝

Նախատեսված պատիժը՝ 

  • տուգանք` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ
  • հանրային աշխատանքներ՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ
  • ազատության սահմանափակում՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ
  • ազատազրկում` երկուսից հինգ տարի ժամկետով:

2․ ՀՀ ՔՕ 288 հոդվածի 1-ին մասով, որը սահմանում է կանխամտածված սնանկությունը՝  ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա անունից հանդես գալու իրավունք ունեցող անձի, իրավաբանական անձի հիմնադիրների (մասնակիցների), իրավաբանական անձի անունից օրենսդրությամբ սահմանված կարգով հանդես գալու կամ նրան պարտադիր կատարման ենթակա ցուցում տալու կամ որոշումը կանխորոշելու հնարավորություն ունեցող անձի կամ մարմնի կողմից անվճարունակության հատկանիշների կանխամտածված ստեղծումը կամ դրանց չափի ավելացումը սեփական կամ այլ անձի շահերից ելնելով, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝

Նախատեսված պատիժը՝ 

  • ազատության սահմանափակում` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ
  • կարճաժամկետ ազատազրկում` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ
  • ազատազրկում` մեկից չորս տարի ժամկետով:

2. Սույն հոդվածով նախատեսված արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ամբողջությամբ հատուցել է հանցագործությամբ պատճառված գույքային վնասը և հաշվարկված տույժերը։

Մեղադրյալին խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։

Ծանուցում։ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Leave a Comment