Բաքվի դժգոհությունը չի ազդի խաղաղության պայմանագրի գործընթացի վրա. Ալեն Սիմոնյանը՝ «Ռադիոլուրին»

Հայաստան- ԵՄ ռազմավարական օրակարգի մասին փաստաթղթից Բաքվի հրապարակային դժգոհությունը չի ազդի Հայաստան- Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի վրա, «Ռադիոլուր»- ի հարցին ի պատասխան ասել է Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Չեմ կարծում, որովհետև աշխատանքները բոլոր ուղղություններով Ադրբեջանի հետ շարունակվում են և պետք է ասեմ, որ այդ պոզիտիվ տրամադրվածությունը թե՛ մեր կողմից, թե՛ Ադրբեջանի կողմից կա։ Պետք է ասեմ, որ մտահոգությունները, որոնք մեզ մոտ են հնչում, միգուցե մի քիչ այլ ձևակերպումներով նաև հնչում են Ադրբեջանում։ Ուստի մենք պետք է շարունակենք քննարկումները, որպեսզի մեկս մյուսի մտահոգությունները փարատենք, ինչպես նաև վստահության վերականգնման ճանապարհ անցնենք, որը, կարծում եմ, հեշտ չի լինելու, բայց իրագործելի է»,- ասել է ԱԺ նախագահը։

Ադրբեջանի ԱԳՆ- ն նախօրեին հայտարարել էր, թե դեկտեմբերի 2-ին Բրյուսելում ստորագրված ԵՄ-Հայաստան ռազմավարական օրակարգի մասին փաստաթուղթը հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին։ Երևանից ու Բրյուսելից Բաքուն ակնկալում է արդեն իսկ ստորագրված փաստաթղթից դուր չեկած ձևակերպումների հեռացում:

Leave a Comment