Հրամայական է, որ անհայտ կորած անձանց մասին օրենքն օր առաջ ուժի մեջ մտնի. Սիրանուշ Սահակյան

Անհայտ կորածների խնդիրը բազմաշերտ է։ Մենք, իհարկե, ունենք նաև գերիների չլուծված խնդիր, բայց եթե համեմատելու լինենք, գոնե գերիների պարագայում գիտենք նրանց գտնվելու վայրը։ Կա որոշակի աշխատանք, որի կատարումը կարող է հանգեցնել այս խմբի ազատ արձակմանը։ Իսկ անհայտ կորածներին չենք կարող վերադարձնել, քանի դեռ չենք պարզել նրանց ճակատագիրը, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

«Մենք պարզապես տեղեկատվություն չունենք անհայտ կորածների գտնվելու վայրի, վիճակի, ողջ կամ  մահացած լինելու հանագամանքների վերաբերյալ, ինչը ծնում է անորոշություն։  Անհայտ կորածների խնդիրը նաև միջազգային արձագանքի արժանի հարց է։ Երբ այդ ընտանիքները տևական ժամանակ գտնվում են անորոշության մեջ, և պետական գործելակերպը չի հանգեցնում տեղաշարժերի, նրանք կրում են տառապանքներ, ինչը որակվում է որպես հոգեբանական խոշտանգում։

Այսինքն՝ մենք գործ ունենք մի շերտի հետ, որը շարունակաբար խոշտանգման զոհ է դառնում, մինչդեռ խոշտանգումը բացարձակ արգելք է։ Անորոշությնա պայմաններում ընտանիքները չեն կարողանում իրացնել փոխպկապակցված իրավունքներ՝ անհնարին է դառնում մահացածի աճյունը հողին հանձնելը, ինչը շարունանական ցավ և տառապանք է պատճառում։

Ընտանիքների՝ ճշմարտությունն իմանալու իրավունքը հնարավոր չի լինում իրացնել»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։

Իրավապաշտպանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստանում չկա անհայտ կորածների իրավական կարգավիճակն ամրագրող օրենք։

«2007 թվականին նման նախաձեռնություն եղավ, որը, ցավոք, դրական արդյունք չտվեց։ 44-օրյա պատերազմից հետո քննարկումներն ինտենսիվացան, շրջանառվեց նախագիծ, բայց պատերազմից 5 տարի անց մենք չունենք ընդունված օրենք և կհստակեցներ այս անձնաց կարգավիճակը։ Իսկ առանց կարգավիճակի հստակեցման համակարգված չէ նաև պետական քաղաքականությունը սոցիալական և հոգեբանական աջակցության ոլորտներում»,- ասաց բանախոսը՝ շեշտելով՝ հրամայական է, որ անհայտ կորած անձանց մասին օրենքն օր առաջ ուժի մեջ մտնի, ինչին էլ կհաջորդի պետության միասնական քաղաքականությունը։

Leave a Comment