Վաղը՝ դեկտեմբերի 11-ին, Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի հինգերորդ տուրում կայանալիք «Նոա» — «Լեգիա» հանդիպումը խոստանում է թեժ լինել ոչ միայն խաղադաշտում, այլև դրա սահմաններից դուրս։ Չնայած ՈւԵՖԱ-ի կողմից սահմանված խիստ արգելքին՝ լեհ երկրպագուները ժամանել են Հայաստան և փորձում են ամեն գնով հայտնվել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Լեհական մամուլի և երկրպագուների ֆորումների տվյալներով՝ «Լեգիայի» աջակիցների խմբեր արդեն իսկ Երևանում են։ Քանի որ ՈւԵՖԱ-ն պաշտոնապես արգելել է «Լեգիայի» երկրպագուների մուտքը խաղին (պատճառը՝ նախորդ խաղերում պիրոտեխնիկայի կիրառումն ու անկարգություններն են), նրանք անցել են «պլան Բ»-ի։
Վերջին 24 ժամվա ընթացքում տեղեկություններ են ստացվում, որ լեհերը զանգվածաբար փորձում են տոմսեր գնել հայ երկրպագուների համար նախատեսված սեկտորներում։ «Արարատ-Արմենիայի» ֆան-ակումբի ղեկավարը հայտնել է, որ իրենց ևս դիմել են ծանոթներ Լեհաստանից՝ խնդրելով միջնորդել տոմսերի գնման հարցում, սակայն մերժում են ստացել։
«Լեգիայի» ուլտրասները Եվրոպայում հայտնի են իրենց ագրեսիվ պահվածքով։ Նախկինում նրանք բախումներ են ունեցել ոստիկանության հետ Անգլիայում («Ասթոն Վիլայի» դեմ խաղում) և Նիդերլանդներում։ Երևան ժամանած խմբերը, ամենայն հավանականությամբ, կփորձեն շրջանցել անվտանգության արգելքները, ինչը լրացուցիչ զգոնություն է պահանջում իրավապահներից։
Հիշեցնենք՝ «Նոա» — «Լեգիա» հանդիպումը կմեկնարկի վաղը՝ ժամը 21:45-ին։