Հայաստանը նոր բեռի է սպասում, որը կրկին Ադրբեջանի տարածքով է մտնելու Հայաստան։ Ժամկետները դեռ հայտնի չեն։ Հայտնի է միայն, որ այն այս անգամ ուղարկում է հենց ադրբեջանական կողմը։ Հայաստանի համար նախատեսված բեռները Ադրբեջանի կողմից սահմանափակումները հանելուց հետո երկիր հասան նոյեմբերի 6–ին և 8–ին։ Երկու դեպքում էլ հացահատիկ էր՝ առաջին խմբաքանակը Ռուսաստանից ուղարկված, երկրորդը՝ Ղազախստանից։ Երրորդի դեպքում խոսքն արդեն նավթամթերքի մասին է։ Կողմերն առայժմ շատ փակագծեր չեն բացում, ինչը հանրության և վերլուծաբանների շրջանում շատ հարցեր է առաջացրել, բայց նաև գնահատվում է որպես ուշագրավ զարգացում։
Հայկական կողմը չի բացահայտում, թե ադրբեջանական նավթամթերքը երբ կհասնի Հայաստան, բայց հաստատում է, որ Երևանն այդ բեռին սպասում է։ Այս պահին հայտնի է միայն, որ ադրբեջանական կողմը Վրաստանի իշխանություններին հարցում էր ներկայացրել Գարդաբանի-Սադախլո երկաթուղային հատվածով նավթամթերքի տեղափոխման սակագների վերաբերյալ։ Ադրբեջանից Հայաստան նավթամթերք ուղարկելու մտադրության մասին հայտնի դարձավ օրեր առաջ, երբ Կատարում Դոհա ֆորումի ժամանակ այդ թեմային անդրադարձավ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը որպես իր այն խոսքի հաստատում, որ Հարավային Կովկասում կառուցվում են նոր իրողություններ և նոր ստատուս քվո։
Կողմերի միջև պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ավելի վաղ՝ Գաբալա քաղաքում, որտեղ նոյեմբերի 28–ին հանդիպել էին սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովները ղեկավարող Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն առայժմ հիմնավորում չի տեսնում, թե ինչու այդ հանձնաժողովում հայ և ադրբեջանցի պաշտոնյաները սկսել են քննարկել բոլորովին այլ՝ երկու երկրների միջև փոխադարձ առևտրի որոշակի ոլորտներ և նավթի ու նավթամթերքի հարցերը։
«Ընդհանրապես այս իրավիճակը բավական ուշագրավ է, որովհետև մենք տեսնում ենք, որ այս հանձնաժողովների աշխատանքի կանոնադրությունը հաստատվել է դեռևս նախորդ տարի՝ հունվարին։ Եթե չեմ սխալվում, տեղի ունեցած հանդիպմանը պայմանավորվել են, թե ինչ հաջորդականությամբ պետք է կատարվի աշխատանքը` ուղղության իմաստով, և հիշում ենք, որ հայտարարվել է` հյուսիսային կետից սկսելու են և այդպես սահմանազատելով, սահմանագծելով իջնելու են մինչև հարավային կետ։ Այստեղ հարց է առաջանում․ եթե հունվարից համաձայնեցվել է այդ հաջորդականությունը, աշխատանքի կանոնադրությունը ավելի քան մեկ տարի առաջ է հաստատվել, բայց սահմանազատման և սահմանագծման բուն աշխատանք մեկնարկած չէ»։
Վերլուծաբանը չի բացառում, որ հապաղումը կապված է զգայուն հարցերի հետ։ Ենթադրում է, որ դա կարող լինել, օրինակ, անկլավների թեման, և կողմերն այս լայն քննարկումների իմաստով փորձում են փոխշահավետ լուծումներ գտնել։
Ե՛վ պայմանավորվածության, և՛ բովանդակության առումով պատմական բեռի հետագա ազդեցությունը Հայաստանի տնտեսության համար դեռ դժվար է պատկերացնել՝ ասում է Բադալյանը՝ հավելելով, որ այս պահին հարցականները շատ են։
«Նախ պետք է հասկանանք, թե ինչ է նշանակում այդ առաջին տարանցումը, ինչ է փորձարկվում այդ առաջին տարանցումով՝ բացի զուտ ինֆորմացիոն քարոզչական էֆեկտից։ Դրանից բացի՝ զուտ տնտեսական իմաստով ի՞նչ է փորձարկվում այդ առաջին տարանցումով, հաշվարկներ արվա՞ծ են, թե՞ ոչ։ Ընդհանրապես այդտեղ մասնավոր ներգրավվածության դաշտ է։ Այսինքն` Հայաստան պետությունը կարծես թե վառելիք ներկրող չէ, հետևաբար հարց է առաջանում․ ի՞նչ մասնավոր է անում այդ ներկրումը ,կամ ընդհանրապես՝ շուկայում ի՞նչ է տեղի ունենալու։ Այս իմաստով ինֆորմացիա գործնականում բացակայում է գոնե հրապարակային իմաստով, և հետևաբար դժվար է ասել, թե տնտեսական հեռանկարները, տնտեսական պահանջվածությունը ինչպիսին են, և ինչ ծավալներ պետք է լինեն, որ շուկայում նաև գնագոյացման այլ մեխանիզմների վրա աշխատեն։ Առավել ևս հասկանում ենք, թե Ադրբեջանի նավթամթերքի ներկրման պարագայում Հայաստանում սպառողական շուկայի հոգեբանական ընկալումները ինչպիսին կլինեն»։
Հասարակության հոգեբանական վիճակին օրեր առաջ անդրադարձել էր Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Դոհա ֆորումում խոսելով խաղաղության մասին ու հայտարարելով, որ թեև սպին դեռ թարմ է և մեծ, բայց կողմերը տեսնում են՝ կան ազդանշաններ, որ հասարակություններն արդեն պատրաստ են:
Նավթամթերքի ներկրման առումով Հայաստանի և Ադրբեջանի անակնկալ որոշումից անակնկալ մոտեցում ցուցաբերեց համատեղ հարևանը։ Խոսքը Վրաստանի դիրքավորման և Ադրբեջանի զարմանքի մասին է։ Իրավիճակն առնչվում է այդ բեռի համար Վրաստանի սահմանած տարանցիկ վճարին։ 111 կիլոմետրանոց հատվածի համար Վրաստանը առաջարկել է մեկ տոննայի համար 92 դոլար սակագին կամ մեկ տոննա/մեկ կիլոմետր հարաբերակցության համար 0,82 ցենտ։ Ադրբեջանական կողմը զարմացել է, քանի որ իր՝ 680 կմ տարածքով նման բեռի տեղափոխումն արժե 17 դոլար կամ մոտավորապես մեկ տոննա/մեկ կիլոմետր հարաբերակցությամբ 0,2 ցենտ։ 40–ապատիկ տարբերությունը հարցեր է առաջացրել, թեև Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունն արդեն հաստատել է, որ Վրաստանը տուրքեր չի գանձի դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար։
Պաշտոնական Երևանը սա ընկալել է որպես ժեստ վրացական կողմից՝ խաղաղության գործընթացին։ Սակայն առաջին տարանցումից հետոյին առնչվող հարցերը պահպանվում են։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը հիշեցնում է, որ տարածաշրջանի ճանապարհային ենթակառուցվածքներն այս պահին այնպիսին են, որ Ադրբեջանի տարածքով անցնող բեռները Հայաստան կարող են մտնել միայն Վրաստանի տարածքով։
«Ընդհանուր առմամբ, իհարկե, կա այն կարծիքը, որ Վրաստանը խանդով է վերաբերում հայ–ադրբեջանական կոմունիկացիոն հեռանկարներին, որովհետև այդ պարագայում որոշակի կորուստներ կունենա տարանցման՝ իր նշանակության իմաստով, բայց գոնե առայժմ ես չեմ տեսնում, որ հայ–ադրբեջանական անմիջական կոմունիկացիաների մասով այնպիսի իրավիճակ է, որը Վրաստանի մոտ կարող է առաջացնել իսկապես գործնական անհանգստություն` իր տարանցիկ ծավալների նվազման իմաստով։ Հետևաբար, ես հակված եմ մտածել, որ այստեղ դրա դերը Վրաստանի դիրքորոշումների և այլնի հարցում մի քիչ կարծես թե չափազանցվում է»։
Վերլուծաբանը համոզված է, որ հայ-ադրբեջանական և հայ-վրացական հարաբերություններում տարբեր այլ խնդիրներ են առկա։ Վրաց–ադրբեջանական հարաբերությունների դեպքում հիշեցնում է պարբերաբար սրվող սահմանային խնդիրները, օրինակ, Դավիթ Գարեջայի վանքային համալիրին առնչվող։ Հայ-վրացական հարաբերություններում վերլուծաբանը մատնանշում է նոր խնդիր՝ վկայակոչելով Վրաստանի նախկին նախագահի ֆեյսբուքյան գրառումը։
«Թբիլիսին Երևանից դժգոհ է այն առումով, որ Վրաստանում մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ, որոնք քաղաքական առումով խնդիրներ են ստեղծում Թբիլիսիի համար և օտարերկրյա գործակալների մասին օրենքից հետո գերադասում են տեղափոխվել արտերկիր, բազավորվում են Հայաստանում։ Ըստ Սաակաշվիլիի գրառման` Վրաստանի համար դա դժգոհություն է։ Այն, որ հայ–վրացական հարաբերություններում քննարկվում են ինչ–որ էական խնդիրներ, սա բավական նկատելի է»։
Կան նաև տարածաշրջանային ավելի լայնամասշտաբ փոփոխություններ՝ տեսանելի և ոչ տեսանելի, որոնք, ըստ Բադալյանի, կարող են պաշտոնական Թբիլիսիի կոնկրետ քայլերի հիմքում լինել։
«Վրաստանը, բնականաբար, տեսնելով ռեգիոնում նաև պրոցեսների տրամաբանության որոշակի փոփոխություն, անշուշտ, փորձելու է այս ամեն ինչում դիրքավորվել որպես ավելի մեծ կշիռ ունեցող։ Մենք տեսնում ենք այստեղ խնդիրը միայն Հայաստան–Ադրբեջան ինչ–որ ապրանքների ներկրումը չէ, այլ ավելի լայն սխեմա է փորձ արվում նաև կիրառել։ Ես նկատի ունեմ այդ ցորենի պատմությունը, որտեղ, իհարկե, խնդիրը ցորենը չէ, այլ ակնհայտ է, որ փորձ է արվում ձևավորել լոգիստիկ նոր սխեմա Ռուսաստանից Ադրբեջանով Վրաստան և Հայաստան, Կենտրոնական Ասիայից` Ադրբեջանով Վրաստան և Հայաստան։ Չեմ բացառում, որ նաև դիտարկվում է հետագայում Թուրքիայի որոշակի ներգրավման հնարավորությունը, և այս տեսանկյունից էլ Վրաստանն, իհարկե, կփորձի իր դերը հնարավորինս թանկ սահմանել»։
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը չի բացառում, որ նավթամթերքի հարցը առաջիկայում կարող է նախընտրական քարոզարշավի զգալի մաս կազմել։
Հայաստանում վառելիքի գինն օրինաչափորեն ավելի բարձր է, քան հարևան երկրներում․ տեղափոխման ծախսերն ու շուկայի կենտրոնացվածությունն են այս պատկերը ստեղծել։ Որպես համեմատություն․ Հայաստանում բենզինի լիտրն արժե 1,36 դոլար, դիզելային վառելիքինը՝ 1,30 դոլար։ Ադրբեջանում բենզինը մոտ 2,5 անգամ էժան է, դիզվառելիքը` ևս։ Որքանով ադրբեջանական նավթամթերքի ներկրումը կփոխի հայաստանյան շուկայի պատկերը՝ դեռ շատ հարցեր կան․ նախ՝ որքանով կանոնավոր կդառնա փոխադրումը, ապա՝ մասնավոր ներկրումները խաղի ինչ կանոններ կսահմանեն։ Առայժմ գերակշռում է տնտեսական հարցի քաղաքական կողմը՝ արդյոք համարժեք են կողմերի՝ միմյանց զիջումներն ու ընդառաջումները։