ՀՀ-ում գործող ամերիկյան կառույցъ կղեկավարի Թրամփի ուղու կառուցումը․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Հայաստանի տնտեսական ու քաղաքական կյանքում 2025թ կարևորագույն տարի էր։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթղթերը Հայաստանի քաղաքական ու տնտեսական օրակարգերը մոտեցրին ԱՄՆ-ին։ Իսկ ԵՄ՝ ՀՀ բիզնեսների ազատականացման գործողությունների ծրագիրը՝ ճանապարհ է բացում դեպի ԵՄ։ 

Եվ ահա, Ամերկայի առևտրային պալատը հանդիպում էր կազմակերպել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստիան Քվինի հետ։ Հանդիպման օրակարգում տնտեսական ու քաղաքական հարցեր էին։ ԱՄՆ-Հայաստան տնտեսական ու առևտրային կապերի ընդլայնմանը նաև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն է անդրադարձել։ Նա ընդգծել է, որ ՀՀ-ն հետաքրքրված է ամերիկյան բիզնեսի ընդլայնմամբ, ինչպես նաև տարածաշրջանում ներկայացվածությամբ։

Օգոստոսի ութից հետո, երբ Վաշինգտոնում նախաստորագրվեցին փաստաթղթերը, Հայաստանում ու տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել նաև տնտեսական առումով՝ արձանագրում է էկոնոմիկայի նախարարը։ Գևորգ Պապոյանն ընդգծում է ՝ խաղաղության գործընթացը Հայաստանին փոքր-ինչ մոտեցրեց աշխարհի թիվ մեկ տնտեսության՝ ԱՄՆ-ի ծրագրերը։  Իրականացվելիք նոր նախագծերից Պապոյանը մասնավորեցնում է․

«ТRIPP նախաձեռնությունը մեզ հնարավորություն է տալիս խոսել հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններում բացվող բոլորովին նոր հորիզոնների և բոլորովին նոր հնարավորությունների մասին։ Եվ ըստ էության, այն ձեռքբերումը, որ մենք ունեցանք Վաշինգտոնում, դա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման մասին է կամ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման մասին, այլ նաև հնարավորություն է տալիս, ըստ էության,  ամբողջ տարածաշրջանի համար նոր հնարավորություն բացել և այդ հնարավորություններում Հայաստանի Հանրապետությանը ևս տեսնել»։

Մեկ տարի առաջ խաղաղության խաչմերուկը կասկածամիտ շատ մոտեցումների է բախվել՝ հիշեցնում է Պապոյանը։ Աշխարհի թիվ մեկ տնտեսությունը և նրա նախագահը հավատում են TRIPP-ին՝ ընդգծում է նախարարը․

«Դա նաև միջին միջանցքի կարևոր բաղադրիչ է , որը պետք է ապահովի անխափան հաղորդակցություն Եվրոպայի, Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի, ընդհանրապես, Ասիայի և Եվրոպայի միջև։ Մենք մշտապես եղել ենք առանցքային դերում, և շատ տրամաբանական է, որ ապագա ճանապարհներում, ապագա բեռնափոխադրումներում Հայաստանը ևս ունենա իր առանցքային դերը, և այդ ճանապարհին, բնականաբար, մենք շատ հետաքրքրված ենք Միացյալ Նահանգների մասնակցությամբ և Միացյալ Նահանգների հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ նույնպես մեզ համար նա նոր հնարավորություններ է ստեղծում»։

ՀՀ-ն հետաքրքրված է հայտարարում է և վերահաստատում, որ ՀՀ տարածքով կարող են իրականացվել Ադրբեջանից Թուրքիա ու հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ․

«Մենք պատրաստ ենք նաև օր առաջ սկսել համապատասխան շինարարական աշխատանքներ, գործընթացներ, որպեսզի երկաթուղային հաղորդակցությունը գործարկվի, ընդ որում, ոչ միայն TRIPP -ի հատվածը, այլ նաև Կարս-Գյումրիի երկաթուղային հանգույցի վերագործարկումը, որը, ըստ էության, թույլ կտա մեզ ամբողջությամբ իրագործված համարել Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը»։

Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանին զգալիորեն կմոտեցնի ԵՄ-ին՝ ընդգծում է Պապոյանն ու հավելում՝ պետության ու տնտեսության համար որակական նոր մակարդակի հնարավորություն կստեղծվի։ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները ավելի քան խորացված են ու ուժեղ՝ շեշտադրում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստիան Քվինը։

«ԱՄՆ քաղաքականության մեջ այս ռազմավարական ընկերակցության ստատուսը մեր, այսպես կոչված, գործընկերների և ընկերների համար է, և սրանով մենք սկսում ենք մեր երկկողմանի հարաբերությունը։ Սա խոսում է նրա մասին, որ մենք սկսում ենք համագործակցություն այն երկրների  հետ, որին դիտարկում ենք մեզ հավասար, բայց ռազմավարական ընկերակցությունը մեր առաջընթացի ընդամենը առաջին քայլերի մասին է վկայում։ Եվ նախագահ Թրամփի, և վարչապետ Փաշինյանի միջև հանդիպումը տեղի ունեցավ։ Այս հանդիպումը, թերևս, գրանցեց մի առաջընթաց, որից հետքայլ, որպես էդպիսին, էլ չենք կարող գրանցել»։

Օգոստոսյան համաժողովը դեսպանը պատմական է համարում։ Համաձայնագրի կետերին համահունչ՝ առաջիկա ամիսներին փորձելու են ջանքեր գործադրել՝ հասնելու սահմանված նպատակներին։ Համատեղ հռչակագիրը երկկողմանի առավելություններ է Հայաստանի համար՝ շեշտում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։  

«Սա համապարփակ  ու էներգետիկ անվտանգության համագործակցության նոր փուլ է։ Հայաստանի էներգետիկ ճկունության մասին է խոսում։ Արդիականացնում է Հայաստանի էներգետիկ ոլորտը»։

ԱՄՆ-ն նոր հնարավորություններ է տալիս Հայաստանին՝ իր միջուկային ու էներգետիկ անկախությունը ապահովելու համար։ Սա մեծագույն առաջընթաց է Հայաստանի բիզնես ոլորտի համար՝ ընդգծում է դեսպանը։ Հայ–ամերիկյան պալատի նախագահ Էլինա Մարկարյանը շեշտում է․

«Շատ կարևոր է, որ ԱՄՆ-Հայաստան նաև հարաբերությունները աննախադեպ վերելք են ապրում, որը պայմանավորված է Թրամփի միջազգային խաղաղության և բարեկեցության ուղով և հաջորդիվ կնքված հուշագրերով,  ցանկանում եմ նշել էներգետիկ անվտանգության գործընկերության մասին, խաղաղության խաչմերուկներ կարողության ձևավորման և գործունեության մասին, արհեստական բանականության և կիսահաղորդչային նորարարության գործընկերության մասին»։

Կիբեռանվտանգություն, արտաքին աղբյուրներից մանիպուլյատիվ հոսքերից պաշտպանություն՝ գործակցության ոլորտներն է թվարկում Հայաստանում ԱՄՆ դեսպանը։ Ընդգծում է, որ համագործակցությունը սկսվում է Թրամփի ուղով, բայց չի սահմանափակվում դրանով։ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցելու Հայաստանին ու Ադրբեջանին՝ փոխադարձաբար ինտեգրվելու առևտրային հարաբերություններում։

ԱՄՆ դեսպանը, ի թիվս այլ հատկացումների, առնանձնացնում է 145 մլն դոլարի տրամադրումը, տեղեկացնում, որ միջգերատեսչական աշխատանքային խմբերը կհանդիպեն մինչև տարեվերջ։ Հայաստանում գործող ամերիկյան կառույց կղեկավարի Թրամփի ուղու կառուցումը՝ տեղեկացնում է Քրիստիան Քվինն ու հայ գործարարներին ավելի ակտիվ համագործակցելու առաջարկ անում։

Leave a Comment