Քաղաքագետ Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնությունը «Դամլա գարդեն մոլի» տարածքում չի տեղի ունեցել: Այս մասին «News.5tv.am»-ին հայտնել է մոլի փոխտնօրեն Մարիամ Չաքարյանը.
«Նախ «Դալմա գարդեն մոլի» թիմի անունից ցանկանում եմ ասել, որ մենք դատապարտում ենք ու դեմ ենք բռնությանն առհասարակ՝ իր բոլոր դրսևորումներով: Նաև, որպես շտկում, կուզեի տեղեկացնել, որ դեպքը տեղի չի ունեցել «Դալմայի» տարածքում՝ ո՛չ մոլի տարածքում, ո՛չ ավտոկայանատեղիում: Մենք հստակ տեղեկություններ չունենք, թե որտեղ է տեղի ունեցել, բայց որքանով մենք ենք կարողացել հասկանալ՝ կողքի շենքի բակում է տեղի ունեցել, այսինքն՝ «Դալմայի» հետ ընդհանրապես կապ չունի»,- ասաց Չաքարյանը:
Հիշեցնենք՝ ժամեր առաջ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ տեղի է ունեցել բանդիտական հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Հարձակվողները եղել են դիմակներով և անսպասելի հարձակվել են թիկունքից։ Միհրանը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ։