Եկեղեցու շուրջ ձևավորվող լարվածությունը չի սկսվել այսօր, բայց այսօր այն ունի առավել համակարգային, ծրագրային և նպատակային բնույթ։
Հայաստանի պետական համակարգում կրկին ի հայտ են գալիս այն մեխանիզմները, որոնք տարիներ շարունակ օգտագործվել են ազգային ինստիտուտների թուլացման համար։ Օրվա իշխանությունները կրկին ձևավորում են արհեստական ճամբարներ՝ հավատավորների և անհավատների միջեւ, ինչի միակ նպատակը հասարակության ինքնին պառակտումն է։ Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ իշխանությունը փորձում է կիրառել փուլային, “մեղմ” ճնշման քաղաքականություն՝ ուղղված Հայ Առաքելական Եկեղեցու հեղինակազրկմանը և առաջնորդի մեկուսացմանը։
Մեր գնահատմամբ՝ կայունորեն կիրառվում է երեք հիմնական մեխանիզմ․
1) Եկեղեցու առաջնորդին մեկուսացնելու փորձեր,
2) Հոգևորականների բաժանում և ներքին պառակտում ստեղծելու տեխնոլոգիաներ,
3) Հանրային ընկալումների մանիպուլյացիա՝ եկեղեցու հեղինակության նվազեցման նպատակով։
Սրանք ոչ ավել, ոչ պակաս՝ ազգային ինքնության հիմքերի խաթարում են։
Ոչ մի իշխանություն իրավունք չունի թուլացնել այն հաստատությունը, որը հազարավոր տարիներ եղել է հայ ժողովրդի ինքնության, պատմական հիշողության և համաժողովրդական համախմբման առանցքը։
Մենք հայտարարում ենք.
Հայաստանում որևէ քաղաքական ուժ, այդ թվում գործող իշխանությունը, չի կարող սեփական դժվարությունները լուծել ազգային ինստիտուտների հաշվին։ Եկեղեցու դեմ ցանկացած թաքնված կամ բաց ճնշում կհամարվի պետության հիմքերի խաթարում և քաղաքական ապապետական քայլ։
Մենք պաշտպանում ենք ոչ թե անձերին, այլ սկզբունքը։
Եկեղեցու հեղինակազրկումը, առաջնորդի շրջափակումը կամ հոգևոր դասի պառակտումը տանելու են պետական ինստիտուտների հերթական ճգնաժամին, ինչը վտանգավոր է երկրի անվտանգության, հասարակական կայունության և ազգային միասնության համար։ Այս փուլում հստակ է մեկ բան.
Ժողովուրդը պետք է խոսի։ Ու այդ ձայնը մենք ենք բարձրացնում։
Մենք՝
«ԴԵՄ ԵՄ» Քաղաքացիական Շարժումը և «Ժողովրդի Ձայնը Լսելի է» կուսակցությունը, շարունակում ենք կանգնել ազգային հիմնասյուների կողքին և պաշտպանել այն տարածքը, որտեղ վտանգված է հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և ինքնության շարունակականությունը։ Հայաստանի ապագան չի կարող կառուցվել ինստիտուցիոնալ խարխլման վրա։
Այն կարող է կառուցվել միայն այն դեպքում, երբ ժողովուրդը վճռականորեն ասում է՝
ԴԵՄ ԵՄ ազգային հիմքերի թուլացմանը