Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։
Մեղադրական եզրակացությունը
Ս․ Ա․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Հ․ Ն-ի և Ա․ Ա․-ի հետ՝ խմբի խազմում 1998 թվականի դեկտեմբերի 10-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, շահադիտական դրդումներով, քրեական վարույթի նախաքննությամբ դեռևս չպարզված անձի կազմակերպմամբ իրականացրել են ՀՀ պաշտպանության փոխնախարար Վահրամ Վահրեսի Խորխոռունու սպանությունը, ինչպես նաև ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել հրազեն: Բացի այդ, ՀՀ պաշտպանության փոխնախարար Վահրամ Վահրեսի Խորխոռունու սպանության հանգամանքները թաքցնելու նպատակով Հ․ Ն-ի կատարմամբ, կազմակերպել է Ա․ Ա․-ի սպանությունը:
Այսպես.
Ս․ Ա․-ն, հանդիսանալով ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայող, քրեական վարույթի նախաքննությամբ դեռևս չպարզված անձի կազմակերպմամբ համակարգել է և խմբի կազմում կատարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Վահրամ Վահրեսի Խորխոռունու սպանությունը:
1998 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին այդ կապակցությամբ Ս․ Ա․-ն պայմանավորվածություններ է ձեռք բերել ԼՂՀ բնակիչներ, իր ծանոթներ Հ․ Ն-ի և Արմեն Առաքելյանի հետ, որոնցից Հ․ Ն-ին սպանություն կատարելու համար առաջարկել է 10.000 ԱՄՆ դոլար գումար, իսկ վերջինիս միջոցով Արմեն Առաքելյանին՝ 15.000 ԱՄՆ դոլար գումար:
Սպանությունն իրագործելու համար իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Հ․ Ն-ի եղբորիցԱ․ Ն․-ից , Ս․ Ա․-ն Ստեփանակերտ քաղաքում ձեռք է բերել <<Մակարով>> տեսակի ատրճանակի ինքնաշեն փող և խլացուցիչ, որոնք տեղադրել է ապօրինի պահվող, հանցագործության գործիք հանդիսացող <<Մակարով>> տեսակի 9մմ. տրամաչափի ատրճանակի վրա, որից հետո այն քաղաքից դուրս գտնվող վայրում կրակելով փորձարկել է՝ պարզելու համար կրակոցի ձայնի խլացման աստիճանը և պարզելով, որ խլացուցիչը բավարար չափով չի նվազեցնում ձայնը՝ սկսել է փամփուշտների վառոդային լիցքը նվազեցնելու եղանակով՝ Ա․ Ն․-ի օգնությամբ գնդակները պարկուճներից առանձնացնել՝ քանդել փամփուշտները, որից հետո ինքնաշեն եղանակով կրկին հավաքել դրանք, ինչի արդյունքում պարկուճների և գնդակների վրա մնացել են տեխնիկական ներգործության հետքեր:
Այնուհետև, իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու համար Հ․ Ն-ը և Ա․ Ա․-ն 1998 թվականի դեկտեմբերի 7-ին, իսկ ՍՍ․ Ա․-ն՝ դեկտեմբերի 8-ին Ստեփանակերտ քաղաքից եկել են Երևան՝ իրենց հետ բերելով նաև հանցագործության գործիք հանդիսացող նշված հրազենը: Հանցավոր խմբի գործողությունները համակարգել և ամբողջությամբ պլանավորել է Ս․ Ա․-ն, ով դեկտեմբերի 8-ին իր հանցակիցներին տարել և մատնացույց է արել այն շենքը, որտեղ բնակվել է Վահրամ Խորխոռունին:
1998 թվականի դեկտեմբերի 9-ի երեկոյան հանցավոր խմբի անդամները, գործելով նախնական համաձայնությամբ, հանդիպել են Հանրապետության Հրապարակում և Հ․ Ն-ի վարած <<ԲՄՎ>> մակնիշի ավտոմեքենայով ժամը 23:30-ի սահմաններում ուղևորվել Վահրամ Խորխոռունու բնակության վայր՝ Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի 39 շենքի մոտ, որտեղ դարանակալել են՝ սպասելով վերջինիս տուն գալուն: Ըստ նախնական դերաբախշման՝ Հ․ Ն-ն սպասել է ավտոմեքենայում, իսկ Ս․ Ա․-ն և Արմեն Առաքելյանը գտնվել են շենքի մուտքի մոտ: 1998 թվականի դեկտեմբերի 10-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, երբ Վահրամ Խորխոռունին իր բնակարան գնալու համար մտել է շենքի մուտք, առաջին հարկի աստիճանահարթակում Սա․ Ա․-ն ու Ա․ Ա․-ն, հանդես գալով որպես համակատարողներ, փոխլրացնելով միմյանց գործողությունները, Վահրամ Խորխոռունուն սպանելու դիտավորությամբ իրենց մոտ ապօրինի պահվող, 9մմ. տրամաչափի ատրճանակային փամփուշտներ կրակելու համար վերափոխված՝ ինքնաշեն փող և խլացուցիչ ունեցող վերը նշված հրազենից նրա ուղղությամբ արձակել են 5 կրակոց, որոնցից 3-ը դեմքի, իսկ 2-ը՝ ձախից կրծքավանդակի թիկնային մակերեսի շրջաններին, ինչի արդյունքում վերջինս ստացած՝ կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքների արդյունքում տեղում մահացել է, իսկ հանցավոր խմբի անդամներ Ս․ Ա․-ն, Ա․ Ա․-ն ու ՀՀ․ Ն-ն նույն ավտոմեքենայով անմիջապես հեռացել են դեպքի վայրից:
1998 թվականի դեկտեմբերի 10-ի գիշերը՝ Վահրամ Խորխոռունու սպանությունն ավարտելուց հետո, Հ․ Ն-ն՝ Ս․ Ա․-ի կազմակերպմամբ, ժամը 01-ից 03-ի սահմաններում Ա․ Ա․-ին խաբեությամբ տարել է Երևան-Վաղարշապատ մայրուղու Փարաքար գյուղից Մուսալեռ տանող հատվածի մոտ եղած խաղողի այգիներ, որտեղ ավտոմեքենայի անվադողը փոխելու պատրվակով բացել է ավտոմեքենայի բեռնախցիկը և այնտեղից հանելով իր մոտ ապօրինի պահվող <
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Նրան մեղադրանք է առաջադրվել հետևյալ հոդվածներով՝
- Հոդված 155 Մաս 2 Կետ 10՝Սպանությունը`շահադիտական դրդումներով
- Հոդված 155 Մաս 5 Կետ 13՝ Սպանությունը՝ այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով
- Հոդված 335 Մաս 1՝ Ապօրինի կերպով հրազեն (բացառությամբ քաղաքացիական ողորկափող հրազենի, դրա փամփուշտների կամ դրա բաղկացուցիչ մասերի), դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը
Դատական գործի ներկա կարգավիճակը
Գործը վարույթ է ընդունվել նոյեմբերի 7-ին։ Առաջին նախնական դատալսումը կայացել է նոյեմբերի 14-ին։
Հանրային մեղադրող Հ.Ներսիսյանը դատական նիստում ըստ էության նշեց, որ մեղադրյալ Ս․ Ա․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը վերացնելու կամ փոխելու հիմքեր առկա չեն՝ Դատարանին խնդրելով Ս․ Ա․-ի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգել երեք ամսով, քանի որ նա գտնվելով ազատության մեջ կարող է խոչընդոտել քրեական վարույթին, այդ թվում` ապօրինի միջամտել ապացուցման գործընթացին:
Տուժող Վահան Խորխոռունին և վերջինիս լիազոր ներկայացուցիչներ Գ.Մղդեսյանն ու Վ.Հարությունյանը դատական նիստում դիրքորոշում չհայտնեցին մեղադրյալ Ս․ Ա․-ի խափանման միջոցի հարցի վերաբերյալ՝ այդ հարցի լուծումը թողնելով Դատարանի հայեցողությանը:
Մեղադրյալ Ս․ Ա․-իպաշտպաններ Դ.Դալլաքյանը և Վ.Աղաբեկյանը դատական նիստում ըստ էության առարկեցին մեղադրյալ Ս․ Ա․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու դեմ և Դատարանին խնդրեցին մեղադրյալի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոցներ կիրառել տնային կալանքը՝ համակցված գրավով ու բացակայելու արգելքով:
Մեղադրյալ Ս․ Ա․-ն դատական նիստում միացավ իր պաշտպանների դիրքորոշումներին:
Կիրառված խափանման միջոցի փոփոխությունը
Մեղադրյալի նկատմամբ մինչդատական վարույթում կալանքի ձևով կիրառված խափանման միջոցը փոխել և որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել տնային կալանքը՝ 3 (երեք) ամիս ժամկետով՝ դրա սկիզբը հաշվելով 2025 թվականի նոյեմբերի 17-ից՝ նրան պարտավորեցնելով չլքել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա փողոցի 3/3 շենքի 88-րդ բնակարան հասցեում գտնվող իր բնակության տարածքը, ինչպես նաև վերջինիս արգելել ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից, այդ թվում՝ փոստային առաքանուց, բացառությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ուղարկվող ծանուցումների, իր բնակության վայրում հյուրընկալել այլ անձանց, բացառությամբ իր պաշտպանի և իր հետ նույն հասցեում բնակվող մերձավոր ազգականների:
Որպես այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքի հետ համակցված կիրառել 15.000.000 (տասնհինգ միլիոն) ՀՀ դրամի չափով գրավը, որը սույն որոշումը կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում պահատվության փոխանցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դեպոզիտային հաշվին և այն վճարած լինելը հավաստող փաստաթուղթը ներկայացնել Դատարան:
Որպես այլընտրանքային խափանման միջոցներ տնային կալանքի և գրավի հետ համակցված կիրառել նաև բացակայելու արգելքը։
Քրեական գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան ըստ ընդդատության
Դեկտեմբերի մեկին կայացած դատական նիստում պաշտպան Դավիթ Դալլաքյանը վարույթի ընդդատության հարցի քննարկման ժամանակ Դատարանին միջնորդեց սույն քրեական գործն ըստ առարկայական ընդդատության փոխանցել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ հաշվի առնելով, որ քրեական վարույթը հանդիսացել է ՀՀ քրեական օրենսգրքի հավելված 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքի վերաբերյալ վարույթ, իսկ սույն քրեական վարույթը անջատվել է վերը նշված վարույթից և երկու քրեական վարույթները փոխկապակցված են միմյանց հետ:
Մեղադրյալ և վերջինիս մյուս պաշտպան Վաղարշ Աղբաբեկյանը, դատական նիստում միանալով պաշտպան Դավիթ Դալլաքյանի կողմից ներկայացված միջնորդությանը, խնդրեցին այն բավարարել:
Հանրային մեղադրող Հրանտ Ներսիսյանը, ներկայացնելով համապատասխան փաստարկներ, առարկեց ներկայացված միջնորդության դեմ և խնդրեց այն մերժել:
Տուժող Վահան Խորխոռունու լիազոր ներկայացուցիչ Գրիգոր Մղդեսյանը, դատական նիստում ներկայացնելով համապատասխան փաստարկներ և վկայակոչելով ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը, միջնորդության լուծումն ըստ էության թողեց Դատարանի հայեցողությանը:
Դատարանը պաշտպան Դավիթ Դալլաքյանի միջնորդությունը բավարարեց: Գործը ըստ առարկայական ընդդատության փոխանցվել էՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Գործը հակակոռուպցիոն դատարանում
Քրեական գործը դեկտեմբերի 4-ին ստացվել է Հակակոռուպցիոն դատարանում և նույն օրը մակագրվել է դատավոր Գիվի Հովհաննիսյանին։
Նշենք, որ Վահրամ Խորխոռունու սպանության գործը վերաբացվել է 27 տարի անց՝ Խորխոռունու որդու բողոքի հիման վրա։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: