Հայ-ադրբեջանական հանդիպում «Դոհա ֆորում»-ում․ խոսելու են ծրագրերից գործի անցնելու մասին  

Հայ-ադրբեջանական հանդիպում է սպասվում դեկտեմբերի 5-ին Կատարի Պետության մայրաքաղաք Դոհայում մեկնարկած  համաժողովի շրջանակում։ «Դոհա ֆորում»-ի հանդիպելու են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նրանք կմասնակցեն «Հայաստան–Ադրբեջան տևական խաղաղություն. Վաշինգտոնյան համաձայնագիրը և համատեղ ապագան» թեմայով պանելային քննարկմանը, որը ծրագրված է դեկտեմբերի 6-ին։  

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին «Դոհա ֆորում»-ում հատկացվել է 30 րոպե ժամանակ։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը և Ադրբեջանի նախագահի օգնականը պանելային քննարկման ընթացքում զրուցելու են օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնություններից  հետո ապագայի համար բացված իրական հնարավորությունների մասին։ Քննարկումը, ըստ Ֆորումի պաշտոնական կայքի, կառնչվի այն թեմային , թե ինչպես է համաձայնագիրը նպաստում հաշտեցմանը, տարածաշրջանային կայունությանը և համագործակցության նոր հնարավորություններին՝ միաժամանակ անդրադառնալով քաղված դասերին և խաղաղ համակեցության ընդհանուր տեսլականին։

Իսկ ընդհանրապես «Դոհա ֆորում 2025»-ի  առանցքում  խոստումներից ու ցանկություններից  գործողությունների անցնելու մոտեցումն է։ Այդ տրամաբանության մեջ է նաև այս տարվա համաժողովի խորագիրը։

Համաշխարհային ֆորումի մասնակիցներին ուղղված խոսքում «Դոհա ֆորում»-ի գործադիր տնօրեն Մուբարաք Աջլան Ալ-Քուվարին նշել է, որ աշխարհը բախվում է փոխկապակցված ճգնաժամերի, հետևաբար՝ առանց համարձակ և վճռական գործողությունների համաշխարհային կայունությունն ու կոլեկտիվ առաջընթացը վտանգված են: ֆորումը կոչ է անում շահագրգիռ կողմերին հռետորաբանությունից անցնել  կոնկրետ գործողությունների:

Խոսքից գործի անցնելու լավագույն օրինակը Հայաստանի համար թերևս «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրագործումն է, որը, ըստ իշխանության ներկայացուցիչների,  իրատեսական է դարձել հատկապես վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո։ Թեման ամենայն հավանականությամբ կքննարկվի Դոհայի հարթակում, իսկ մինչ այդ Հայաստանի վարչապետն արդեն խոսել է հնարավոր ժամկետների մասին։

«Ակնհայտ է, որ օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնություններից հետո և «Խաղաղության խաչմերուկ» նախագծից բխող «TRIPP road» նախագծի հայտարարումից հետո ներդրումային հետաքրքրությունը ՀՀ նկատմամբ էականորեն մեծացել է։ Մենք շարունակում ենք մեր ակտիվ աշխատանքը «TRIPP road» նախագծի ռազմավարական շրջանակը ճշգրտելու ուղղությամբ։ Մենք փաստաթղթերի վրա աշխատում ենք։ Կարող եմ ասել, որ իմ աչքաչափը ասում է, որ մենք լավ տեմպով առաջ ենք ընթանում, և մենք մեր նշած ժամանակահատվածում արդեն կունենանք «TRIPP road» նախագծի իրացումը։ Սկզբնական շրջանում իրավական և հայեցակարգային որոշակի փաստաթղթերի մշակում և ընդունում, հաջորդ փուլում պայմանագիր և հաջորդ փուլում արդեն գործնական աշխատանքների իրականացումը գետնի վրա»։

«Թրամփի ուղի» ծրագիրն, ի դեպ, քննարկումների առանցքում է միջազգային տարբեր հարթակներում։ ԵԱՀԿ 32-րդ նախարարական խորհրդի նիստում նույնպես անդրադարձ է եղել այս թեմային։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ «Թրամփի ուղի» նախագծի՝ ժամանակին իրականացումն առաջնահերթ նշանակություն ունի Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։ Նա ընդգծել է, որ այդ բազմամոդալ երթուղին կներառի երկաթուղի, մայրուղի և այլ հաղորդակցություններ։ Ադրբեջանցի պաշտոնյան պնդել է, որ TRIPP-ը պետք է ապահովի անխոչընդոտ հաղորդակցություն Ադրբեջանի և Նախիջևանի միջև։

TRIPP-ի արագ գործարկումը բխում է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի շահերից, այլև միտված  է տարածաշրջանային անվտանգության ավելի լայն ճարտարապետությանը՝ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Հայաստանի արտգործնախարարն ասում է, որ ընդլայնված փոխկապակցվածությունը՝ ներառյալ «TRIPP-ի ուղու» իրագործումը, միտված է Հարավային Կովկասն արդյունավետ և անվտանգ տարանցիկ ու լոգիստիկ հանգույցի վերածելուն՝ կապելով Եվրոպան Կենտրոնական Ասիայի հետ։   

Վերադառնալով Դոհայի ֆորումին նշենք, որ Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն այդ հարթակի համար նորություն չէ։ Նախորդ տարի մայիսին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Դոհայում կայացած «Գլոբալ անվտանգության ֆորումի» իր ելույթում և հարցուպատասխանի ձևաչափով քննարկման ժամանակ ներկայացրել էր հենց այդ ծրագիրը և առանձնացրել առանցքային դրույթները։  

Ամենակարևոր ուղերձն այն էր, որ «Խաղաղության խաչմերուկ»-ը միայն տնտեսության մասին չէ, ունի ավելի գլոբալ նպատակներ և նշանակություն՝ տարածաշրջանի խաղաղության և կայունության տեսանկյունից։ 2024-ին Դոհայում Արմեն Գրիգորյանը առանձին կետերով ներկայացրել էր Հայաստանի կառավարության ծրագրի ուղերձները՝ ներառելով նաև կոմունիկացիաների ապաշրջափակման հիմքերը։ Խոսքը Հայաստանի համար ընդունելի հինգ սկզբունքների մասին է, որոնք երաշխավորում են, որ ենթակառուցվածքները գործելու են այն երկրի ինքնիշխանության և իրավասության ներքո, որի տարածքով անցնում են։

Դոհայիի ֆորումներին Հայաստանը բարձր մակարդակով սկսել է մասնակցել 2019 թվականից։ Այդ տարվա աշխատանքներին Կատարի Էմիրի հրավերով առաջինը մասնակցեց ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա ելույթում ընդգծել էր փոքր ազգերի ներուժը և նշել, որ Հայաստանն իր ապագան պետք է կառուցի ոչ թե բնական պաշարների, այլ կրթության, արհեստական ինտելեկտի և տեխնոլոգիաների վրա հենվելով:

Leave a Comment