ՀՀ կառավարությունը Աժ–ում մասնակցել է այս տարվա վերջին հարց ու պատասխանին։ Կառավարության անդամներին հարց տալու համար գրանցվել էր 38 պատգամավոր։
ԵԱՀԿ ՄԽ լուծարումից հետո ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային փաթեթներից ոչ մեկն այլևս չունի հույժ գաղտնի կարգավիճակ, հետևաբար՝ փաստաթղթերից յուրաքանչյուրը կարող է հրապարակվել։ Խորհրդարանական ընդդիմությունը կենտրոնացած է հատկապես միջազգային միջնորդների 2019 թվականի հունիսին փոխանցված առաջարկների վրա։ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը ցանկանում է հասկանալ, թե ինչն էր պատճառը, որ Հայաստանի վարչապետը մերժեց այդ վերջին փաստաթուղթը, բանակցությունները սկսեց զրոյից, ինչն էլ՝ ըստ ընդդիմադիր պատգամավորի, հանգեցրեց պատերազմի։
«Նայում ես` բավականին լավ փաստաթուղթ է։ Ամրագրվում է այն մեխանիզմը, որով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարող էր որոշել իր ապագա իրավական կարգավիճակը, նշվում էր, որ կարգավիճակը որևէ սահմանափակման ենթակա չէ։ Նշվում է, որ համաժողովրդական կամարտահայտությունը իրականացնելու են Լեռնային Ղարաբաղի բնակչությունը։ Այսինքն` դուրս են գալիս այն բոլոր պնդումները, թե իսկ ով ասաց, որ Ղարաբաղում պետք է լիներ, ո՞վ ասաց, որ օրակարգում կարող է լինի անկախության հարցը։ Ժամանակավոր վարչակազմ էր հաստատվում, Հայաստանը դիտվում էր որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորներից մեկը՝ պրոտեկտորը, պարզ ասած։ Ուզում եմ հասկանամ` Դուք այս փաստաթղթին ի՞նչ արձագանք եք տվել»։

Կոնկրետ այս դեպքում վարչապետ Փաշինյանը ճշտում է՝ տեքստի մեկնաբանությունը որևէ կապ չունի իրականության հետ։ Այդ ընկալումները, ըստ վարչապետի՝ 20–25 տարվա քարոզչության արդյունքն են։
«Շատ կարևոր է կարդալ և հասկանալ, թե ինչ է գրած, որովհետև այն ինչ դուք ասացիք, ուղիղ հակառակն է գրած։ Երբևէ որևէ բանակցային փաթեթում գրված չի եղել, որ ձեր կողմից նշված հանրաքվեն պետք է տեղի ունենա Լեռնային Ղարաբաղում։ Ընդհակառակը, գրված է համաժողովրդական հանրաքվե, որը արտահայտում է Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչության ազատ կամարտահայտությունը։ Մեկնաբանությունը այդ թվում եղել է այն, որ ենթադրվող հանրաքվեն, ըստ Ադրբեջանի մեկնաբանության, պետք է տեղի ունենա Ադրբեջանի ամբողջ տարածքում։ Ի՞նչ է նշանակում Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչություն։ Նշանակում է նաև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը և այլն և այսպես շարունակ։ Էլ չեմ ասում` սկզբունքային հարց է, թե այդ հանրաքվեն ե՞րբ էր տեղի ունենալու, տեղի՞ էր ունենալու, թե՞ տեղի չէր ունենալու»։
Վարչապետը, դիմելով ընդդիմադիրներին հերթական անգամ նշեց՝ լավ առաջարկ էր՝ ժամանակին գնային լուծումների, հատկապես երբ դաշնակցությունը եղել է կոալիցիայի մաս, իսկ 2019-ի առաջարկները՝ նախորդ իշխանությունների հետ բանակցությունների արդյունք են։ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից նորից հիշեց վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի՝ ԱԺ ամբիոնից արած հայտնի հայտարարությունը՝ բանակցություններում լավատեսություն չունենալու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը որոշեց հանրությանը ներկայացնել միջազգային հարթակներում միջնրդների հետ ունեցած զրույցից մի հատված․
«Երբ ես համանախագահներին հարցրեցի` հիմա այս փաթեթով Ղարաբաղը կարո՞ղ է չլինել Ադրբեջանի կազմում, պատասխան է հնչել, որ այո, կարող է, եթե Ադրբեջանը համաձայնվի։ Ամեն ինչը ձևակերպված է դրա տակ և 2016 թվից, և նաև գուցե նախորդող, հիմա չեմ մտաբերում, բոլոր փաթեթներում նախատեսված է եղել Լեռնային Ղարաբաղի այդ պահին գոյություն ունեցող կարգավիճակի լուծարում։ Լուծարում։ Այն ինչը Սերժ Սարգսյանի դիվանագիտությունը ներկայացնում էր որպես հաղթանակ՝ Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը նշանակում էր, և դա թղթերից ակնհայտ երևում է, Լեռնային Ղարաբաղի` այդ պահին գոյություն ունեցող համակարգի լուծարում, զրոյացում և զրոյից հայ-ադրբեջանական առավելագույնը նոր համակարգի ստեղծում։ Ինչո՞ւ չեք ասում դա»։
Նիկոլ Փաշինյանը Աժ-ում հերթական անգամ պնդեց, որ բանակցային փաստաթղթերով ապացուցվում է՝ ղարաբաղյան հարցի բանակցային ամբողջ գործընթացը եղել է Հայաստանը և որոշ չափով Ադրբեջանը թակարդում պահելու մասին։ Բանակցային փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո, Փաշինյանը պնդում է, որ երբեք հարցը լուծելու խնդիր չի դրվել և ամեն ինչ արվել է, որ ՀՀ-ն անկախ պետություն լինելու շանս չունենա։ Փաշինյանը համոզված է, որ բանակցային բոլոր փաթեթները այն մասին են, թե ինչպես էր արգելափակվում տարածաշրջանը՝ չկայանալու որպես ինքնիշխան, բարեկեցիկ շրջան։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ծովինար Վարդանյանը փորձեց հասկանալ՝ արդյո՞ք արդեն անցել են նկարագրված վտանգները։

«Այս քաղաքական թիմը կարողացել է Հայաստանի Հանրապետությունը դուրս բերել աշխարհաքաղաքական թակարդից և բերել նրան մի տեղ, որտեղ Հայաստանի առջև բացվել են հեռանկարներ։ Սա՝ կատարված աշխատանքի մասով։ Բոլորիս հայտնի է, որ մեր քաղաքական կարևոր օրակարգը, որով մենք գնում ենք այս պահին, դա խաղաղության օրակարգն է»։
Հայաստանի վարչապետը համոզված է, որ իշխող թիմին հաջողվել է երկիրը դուրս բերել վտանգավոր շրջափուլից։ Բայց խոստովանում է, որ թիմը նախապես այսպիսի ճանապարհ չի գծագրել։
«Չգիտեմ` դա լավ է խոստովանել, թե վատ է խոստովանել, բայց սա ի սկզբանե պլանավորված ռազմավարություն չի եղել։ Մենք մի քիչ ինտուիտիվ ենք գործել, չնայած ինտուիցիան պետք չէ թերագնահատել։ Բայց ես ուզում եմ ասել, որ սա իրականում ժողովրդի մասին է։ Հակառակ դեպքում մենք 20 թվից հետո ինչպե՞ս էինք ընտրություն հաղթում, հակառակ դեպքում այդ պրոցեսների արդյունքում մենք ինչպե՞ս էինք շարունակում այսօր մինչև հիմա մնալ կառավարող ուժ ՀՀ–ում, ինչի՞ հաշվին էինք շարունակում մնալ։ Հայաստանը այսօր ապրում է իր վերջին 500 տարվա պատմության ամենահեռանկարային և ամենախոստումնալից շրջանը։ Մենք երբեք, նախկինում, նախորդող շրջանում երբեք ժամանակաշրջան չենք ունեցել, որ ապագայի նկատմամբ ունենանք վստահության այսքան կշիռ»։
Վարչապետը համոզված է, որ Հայաստանի որդեգրած նոր ճանապարհը ՀՀ քաղաքացիների սրտով է, հակառակ դեպքում չի պատկերացնում, թե ինչպես կարող էին իշխանության մնալ։ Իսկ ապագայի համար վստահ է՝ քաղաքացին իր ներքին զգացողությամբ պետք է առաջնորդվի և ընտրի իր հետագա ճանապարհը՝ վերադառնալ «աշխարհաքաղաքական թակա՞րդ», թե՞ շարունակի հեռանկարային ընթացքը։ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ առաջիկա ընտրություններն, ըստ էության հենց այս ամենի մասին են լինելու։