ԵՄ-ն ՀՀ-ին 12 մլն եվրո կհատկացնի՝ ընտրություններից առաջ պայքարելու հիբրիդային սպառնալիքների դեմ․ Կոս

ԵՄ-ն Հայաստանին12 միլիոն եվրոյի աջակցություն կտա՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ, որ որոշ ինստիտուտներ ավելի արդյունավետ կերպով կանխատեսեն  և արձագանքեն հիբրիդային սպառնալիքներին:

Բրյուսելում լրագրողների հետ հանդիպմանը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը մանրամասնել է, որ ֆինանսավորման նպատակն է ստեղծել վաղ նախազգուշացման և արագ արձագանքման ուժեղ մեխանիզմներ արտաքին աղբյուրներից եկող մանիպուլյատիվ տեղեկատվության դեմ, աջակցել վստահելի, փաստերի վրա հիմնված նարատիվներին՝ աշխատելով լրատվամիջոցների հետ, ներգրավելով քաղհասարակությանը։

«Ռադիոլուրի» հարցին, արդյո՞ք ԵՄ-ում պատկերացնում ենապատեղեկատվության դեմ վստահելի մեխանիզմներ, կամ որոնք են այդպիսիք, ԵՄ հանձնակատարն ասել է, որ առաջարկվելու են լուծումների վրա հիմնված մեխանիզմներ:

Կոսն օրինակ է բերել Մոլդովայի փորձը, ըստ որի՝ անցյալ տարի հանրաքվեի և նախագահական ընտրությունների ժամանակ գործողությունների մեծ մասը հիմնված են եղել հերքման կամ արձագանքման վրա:

«Բայց ոչ թե պետք է պարզապես սպասել և հետո արձագանքել ապատեղեկատվությանը, այլ նախապես տարածել սեփական նարատիվները: Մենք նաև ծրագրում ենք որոշակի ռազմավարական հաղորդակցության աջակցություն ցուցաբերել ձեր կառավարությանը, այսինքն՝ ի՞նչ տեսակի հաղորդագրություններ տարածել, ոչ միայն հակադարձել կամ հերքել: Հերքումը… այլևս այդ լեզուն չէ:

Մենք կարող ենք մեծապես օգնել ընտրություններին ընդառաջ՝ և ֆինանսապես, և ինստիտուտների ստեղծմամբ, որոնք կարող են հակահարված տալ»,- ասել է նա:

Կոսը Մոլդովայի օրինակով խոսել է ռուսական կողմի ուղղակի և անուղղակի ներգրավվածության մասին՝ այդ երկրում ընտրությունների արդյունքների վրա մեծապես ազդելու նպատակ ունենալու տեսանկյունից ու նկատել հատկապես օլիգարխների՝ ձայների դիմաց վճարելու օրինակները։

Leave a Comment