Մակրոնը և Զելենսկին խաղաղության պլանը քննարկել են դաշնակիցների հետ

Երեկ Փարիզում հանդիպել են Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահները, Էմանյուել Մակրոնը և Վլադիմիր Զելենսկին նաև հեռախոսազրույց են ունեցել Կիևի դաշնակիցների հետ՝ քննարկելու Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու ԱՄՆ ջանքերը:

Հեռախոսազրույցին մասնակցել են, մասնավորապես, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, ինչպես նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և խաղաղության բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը:

Զելենսկու փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է նախօրեին Ֆլորիդայում կայացած ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների բովանդակությունը:

Մակրոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Զելենսկին հայտարարել է, որ բանակցություններում Կիևի առաջնահերթություններն են ինքնիշխանության պահպանումը և անվտանգության հուսալի երաշխիքների ապահովումը:

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ տարածքային վեճերն ամենաբարդն են, և այդ հարցը ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններում քննարկվել է վեց ժամից ավելի: Այդուհանդերձ, նրա խոսքով, այդ հանդիպման արդյունքում խաղաղության ամերիկյան պլանն «ավելի լավ տեսք ունի»:

Զելենսկին հույս է հայտնել, որ կհանդիպի Միացյալ Նահանգների նախագաի Դոնալդ Թրամփի հետ Ուիթքոֆի Ռուսաստան այցից հետո. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ այսօր է նախատեսված:

Ֆրանսիայի նախագահը ասուլիսի ժամանակ ընդգծել է, որ միայն Ուկրաինան կարող է որոշում կայացնել իր տարածքների վերաբերյալ Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններում:

Leave a Comment