Ռազմական համագործակցության դիվերսիֆիկացում․ պաշտպանության նախարարը Եգիպտոսում է

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում է։ Նա մասնակցել է Կահիրեում անցկացվող EDEX 2025 միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, ապա շրջել տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին և հանդիպել ցուցահանդեսին մասնակցող տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ EDEX-ը ռազմաարդյունաբերական ոլորտի միջազգային ցուցահանդես է, որտեղ ներկայացվում են պաշտպանական բնագավառում կիրառվող  նորագույն տեխնոլոգիաները, սարքավորումներն ու համակարգերը։ Դեկտեմբերի 1-ից 4-ը նախատեսված միջոցառմանն այս տարի մասնակցում են 400-ից ավելի ընկերություններ աշխարհի տարբեր երկրներից։

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում է։ Ըստ պաշտպանական գերատեսչության հաղորդագրության՝ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարարը մասնակցել է «EDEX 2025» միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը։ Դրան ներկա է եղել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին:

Թեև պաշտպանության նախարարությունն այլ մանրամասներ չի հայտնում, բայց վերլուծաբանները  համոզված են, որ  այցը ներառելու է նաև  ռազմատեխնիկական համագործակցության ու տարածաշրջանային զարգացումների շուրջ քննարկումներ։  

Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն արաբական երկրների հետ պաշտպանության ոլորտում ակտիվ շփումներն ու համագործակցությունը նախևառաջ քաղաքական նշանակության տեսանկյունից է կարևորում։ 

«Հայաստանը և արաբական աշխարհն ունեն բազում ընդհանուր, այսպես ասենք, հատման կետեր՝ տարածաշրջանային անվտանգության, խաղաղության իրենց տեսլականներում։ Շատ հարցերում են նույնական և այդ համախոհությունը կարող է ամրապնդվել նաև ռազմատեխնիկական համագործակցությամբ»։

Արաբագետ Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ՝ Հայաստանի Հանրապետության որդեգրած դիվերսիֆիկացիայի քաղաքականությունը վերաբերում է նաև պաշտպանական և անվտանգային ոլորտին, որը առաջ է մղվում հենց այդ տրամաբանությամբ։

«Հայաստանի Հանրապետությունը փորձում է նոր համագործակցություններ ձեռք բերել, այդ թվում նաև արաբական երկրների հետ։ Նախկինում մենք ականատես ենք եղել, օրինակ, Հնդկաստանի հետ բավականաչափ ակտիվ քննարկումների և համագործակցության, Եվրոպական Միության առանձին երկրների, մասնավորապես՝ Ֆրանսիայի հետ»։

Հայաստանն ու Եգիպտոսը վերջին տարիներին են սկսել ակտիվ զարգացնել պաշտպանական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը. 2023 թ.-ին EDEX 2023 ցուցահանդեսի շրջանակում կողմերն խոսել են զինարդյունաբերական համագործակցության ընդլայնման հնարավորությունների մասին։

Ըստ Ռուբեն Մեհրաբյանի՝ հաշվի առնելով Եգիպտոսի՝  արաբական աշխարհի կենտրոնական երկրներից մեկը լինելու, զարգացող  տնտեսություն ու բանակ ունենալու հանգամանքն ու սեփական ռազմարդյունաբերությունը զարգացնելուն ուղղված քայլերը,  ոլորտում հայ–եգիպտական համագործակցությունը կարող է արդյունավետ ու հեռանկարային լինել։  

«Հայաստանը կարող է լինել մշակումների մասնակից, կարող է լինել սերիական արտադրության մասնակից և հետո՝ մասնաբաժին ունենալ այն արտադրանքում, որի հետաքրքրությունը կա։ Նաև՝ համատեղ արտադրանքի արտահանման միտումով համագործակցության հնարավորություններ կան»։

Հայաստանի պաշտպանության նախարարն օրերս ընդունել էր Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիին։ ՊՆ հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում էր․

 «Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Եգիպտոս համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր։

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի»։   

Փորձագետները հիշեցնում են, որ այս այցելությունից առաջ Հայաստանի  պաշտպանության նախարարն աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում էր։ Սուրեն Պապիկյանը հանդիպել էր ԱՄԷ փոխվարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի թագաժառանգ Ռաշիդ Ալ-Մաքթումի հետ: Քննարկվել էին պաշտպանական համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր:

Կողմերը նաև համաձայնագիր էին ստորագրել, որով սահմանվում էին գործակցության հիմնական ուղղությունները: Արաբագետ Արմեն Պետրոսյան.    

«Եգիպտոսի և Արաբական Միացյալ էմիրությունների պարագայում, կարծում եմ, պաշտպանական արդյունաբերության նոր միտումների և այդ ոլորտում հնարավոր համագործակցությունների մասին է խոսքը։ Կարծում եմ դա ավելի շատ ուղղված է պաշտպանական արդյունաբերության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների կիրառմանը»։

Հաշվի առնելով հանգամանքը, որ արաբական երկրները հիմնականում ոչ թե  սպառազինություն արտադրող, այլ ներկրող երկրներ են, փորձագետները նկատում են, որ համագործակցության հնարավորություններն առավելապես պաշտպանական տեխնոլոգիաների ու նորարարական լուծումների հարթությունում են։

«Չմոռանանք, որ, օրինակ, նույն ԱՄԷ-ում շատ հաճախ ցուցահանդեսներ են տեղի ունենում, որտեղ տարբեր երկրներ ներկայացնում են իրենց արտադրած նորագույն սպառազինությունները և դրա արդյունքում նաև, իհարկե, ձեռք են բերվում նոր համագործակցություններ»։  

Ռուբեն Մեհրաբյանի համոզմամբ էլ՝ արաբական երկրները կարող են ներդրողներ լինել ռազմարդյունաբերական տարբեր նախագծերում։  Այս դեպքում խնդիրը շահերի ճիշտ բալանսավորումն է՝ եզրափակում է փորձագետը։       

Leave a Comment