Կաշառատուն երբևէ չի տեսել Վարդան Ղուկասյանին և չի զրուցել նրա հետ. պաշտպանը՝ Գյումրիի քաղաքապետին մեղսագրվող գործի մասին

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին առնչվող կաշառքի գործի քննությունն ավարտվել է. մեղադրանքի ապացուցման դեպքում Ղուկասյանին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:

ABC Media-ի հետ զրույցում Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը հայտնեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեն նոյեմբերի 26-ին է իրենց տրամադրել նյութերը, որոնց ծանոթանալու համար տրվել է ընդամենը երկու օր ժամկետ, ինչն ակնհայտորեն բավարար չէ, ապա նյութերին ծանոթանալը դեռ չավարտած՝ օրենքի խախտմամբ գործն ուղարկվել է դատարան:

Հայրապետյանը հաջորդ աբսուրդն այն է համարում, որ Վարդան Ղուկասյանն իբր Հենրիկ Գասպարյանի և Սևակ Գոմցյանի հետ իրականացրել է ինչ-որ հանցավոր գործողություն, բայց Սևակ Գոմցյանի ու Հենրիկ Գասպարյանի մասով ապացույցները բավարար չեն, որպեսզի գործն ուղարկեն դատարան:

«Մինչև ծանոթանալու պահը նյութերի մեջ չկա գեթ մի խոսակցություն, որով պարոն Ղուկասյանը որևէ մեկից որևէ կաշառք պահանջած լինի»,- ասաց Ղուկասյանի պաշտպանը:

Հարցին, թե ինչպես է ստացվել, որ կաշառատուն ընդունել է իր մեղքը, Հայրապետյանը պատասխանեց. «Այն կաշառատուն է ընդունել իր մեղքը, որը երբևէ Վարդան Ղուկասյանին չի տեսել և չի զրուցել նրա հետ»: Պաշտպանն ընդգծում է այն նրբությունը, որ նախ՝ որևէ մեկը կաշառք չի տվել, խոսքը համաձայնության մասին է, երկրորդն էլ՝ անձը, որն իր մեղքն «ընդունել» է, հիմա քրեակատարողական հիմնարկում չէ:

Ըստ Հայրապետյանի՝ ցուցմունք տալու պատճառը նույնպես պարզ է. «Հիմա եթե քրեակատարողական հիմնարկում հայտնվելու հեռանկարը չլիներ, ինքն այդ բովանդակությամբ ցուցմունք կտա՞ր արդյոք. սա է հարցը»:

Նա ևս մեկ անգամ բարձրաձայնեց այն խնդիրը, որ կալանքը կիրառում են որպես ճնշման միջոց, որպեսզի անձանցից ցուցմունքներ կորզեն:

 

Leave a Comment