Դոնալդ Թրամփը խոստացել է «մշտապես դադարեցնել» Միացյալ Նահանգներ ներգաղթը բոլոր «երրորդ աշխարհի երկրներից»։ Նա այս մասին հայտարարել է Սպիտակ տան մոտ Ազգային գվարդիայի զորքերի վրա զինված հարձակումից կարճ ժամանակ անց, որի մեջ կասկածվում է աֆղանցի քաղաքացի։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «BBC news»-ից։
Թրամփը մեղադրել է փախստականներին «Ամերիկայում սոցիալական անհամաձայնություն» առաջացնելու մեջ և խոստացել է վտարել «բոլոր նրանց, ովքեր ներդրում չեն ունենում» Միացյալ Նահանգներում։
Ավելի վաղ Թրամփի վարչակազմը հայտարարել էր, որ կվերանայի 19 երկրներից ԱՄՆ ներգաղթած անձանց տրամադրված կանաչ քարտերը։
ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայության տնօրեն Ջոզեֆ Էդլոուն նշել է, որ նախագահը հանձնարարել է իրեն անցկացնել «մտահոգիչ երկրներից բոլոր օտարերկրացիների կանաչ քարտերի լիարժեք և մանրակրկիտ վերանայում»։
BBC-ի հարցին, թե որ երկրներն են ներառված ցուցակում, ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը հղում է կատարել Դոնալդ Թրամփի հունիսյան գործադիր հրամանագրին, որով նա արգելել է մուտքը ԱՄՆ 12 ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան երկրների քաղաքացիների համար և սահմանափակել է մուտքը ևս յոթ երկրների քաղաքացիների համար։