Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Վրաստանի տարածքային զարգացման նախարար Կախաբեր Գուլեդանիի հետ։
«Նախարար Գուլեդանիի հետ քննարկել ենք տարածքային և տեղական ինքնակառավարման ոլորտներին, լիազորությունների ապակենտրոնացմանը վերաբերող հարցեր։
Քանի որ Վրաստանը նույնպես գնում է լիազորությունների ապակենտրոնացման ճանապարհով, զրույցի ընթացքում առանձնացրել ենք այն հիմնական մարտահրավերները, որոնք ի հայտ են գալիս գործընթացի ժամանակ։
Գուլեդանին հատկապես հետաքրքրվել է համայնքների խոշորացման Հայաստանի փորձով և դրա արդյունավետությամբ։
Քննարկել ենք համայնքային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման, վերահսկողության և մշտադիտարկման վերաբերյալ հարցեր։
Վրացի գործընկերոջս առաջարկել եմ երկու երկրների համայնքապետերի համար շփումների հարթակ ստեղծել, ինչը կդյուրինացնի ձևավորված երկկողմ հարաբերությունների ընդլայնումը»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարար Խուդաթյանը։