«Ապագայի արժեզրկման» հետ կապված գենետիկական վարիացիաներն ազդում են 58 հոգեկան և վարքային հատկանիշների վրա


Գիտություն


Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են ԴՆԹ-ի տասնմեկ հատված, որոնք կապված են, այսպես կոչված, «հետաձգված պարգևատրման արժեզրկման»՝ ավելի խոշոր, բայց սպասել պահանջող օգուտների փոխարեն փոքր, սակայն անհապաղ օգուտներն ընտրելու հակման հետ: Այս հոգեբանական մեխանիզմը վաղուց կապում են իմպուլսիվության, կախվածությունների և ինքնավերահսկման խանգարումների հետ, և նոր հետազոտությունը ցույց է տալիս, թե որքան խորն է այն արմատավորված մարդու կենսաբանության մեջ: Molecular Psychiatry ամսագրում հրապարակված աշխատանքը հիմնված է գրեթե հարյուր երեսունհինգ հազար մասնակցի գենոմների վերլուծության վրա:



Գիտնականները բացահայտել են 93 թեկնածու գեն, որոնք ներգրավված են դոֆամինի փոխանցման, նեյրոնների զարգացման, ուղեղի կառուցվածքի ձևավորման և նյութափոխանակության գործընթացներում, այսինքն՝ այնպիսի համակարգերում, որոնք միաժամանակ կապված են և՛ հոգեկան խանգարումների, և՛ քրոնիկ ցավի, և՛ ֆիզիոլոգիական հիվանդությունների հետ:


Արդյունքում՝ հետաձգված պարգևատրման արժեզրկման գենետիկական պրոֆիլը հատվել է ճարպակալման, դիաբետի, քնի խանգարումների, դեպրեսիայի, հոգեակտիվ նյութերի օգտագործման և տասնյակ այլ վիճակների ռիսկերի հետ: Ընդհանուր առմամբ՝ հետազոտողները գենետիկական կապ են գտել յոթանասուներեք տարբեր հատկանիշի հետ, որոնք վերաբերում են ինչպես հոգեկան, այնպես էլ ֆիզիկական առողջությանը:


Հասկանալու համար, թե դա ինչպես է դրսևորվում իրականում, թիմը ստեղծել է պոլիգենային ռիսկի միավորներ և դրանք ստուգել ավելի քան վաթսունվեց հազար հիվանդի կլինիկական տվյալների բազայում: Պարզվել է, որ այդ գենետիկական ցուցանիշները կապված են ավելի քան երկու հարյուր բժշկական ելքի հետ՝ սրտանոթային հիվանդություններից և քրոնիկ ցավից մինչև տրամադրության խանգարումներ և ծխախոտային կախվածություն:


Հեղինակներն ընդգծում են, որ իմպուլսիվ որոշումների գենետիկական հիմքի ըմբռնումը ճանապարհ է բացում բժշկության մեջ նոր մոտեցումների համար: Հետաձգված պարգևատրման արժեզրկումը կարող է դառնալ կլինիկորեն օգտակար մարկեր, որը թույլ կտա ավելի ճշգրիտ ընտրել վարքային և դեղորայքային միջամտությունները, հատկապես այն մարդկանց համար, որոնց իմպուլսիվությունն ազդում է նրանց առողջության և կենսակերպի վրա:




Leave a Comment