Աֆրիկայի ամենավտանգավոր օձը՝ հսկա, թունավոր սև մամբան, բռնվել է Դուրբանի լողափերից մեկում՝ Հարավային Աֆրիկայի հարավ-արևելքում։ Դրա մասին հայտնել է տեղական Kaya News ռադիոկայանը։
Բռնված սև մամբայի երկարությունը մոտ 3,5 մետր է, նշել է ռադիոկայանը։ Լողափի այցելուներն օձը նկատել են ջրի մեջ և կանչել օձ որսալու մեջ մասնագիտացված ոստիկանական խումբ։ Երբ ալիքները սև մամբային դուրս են բերել լողափ, ոստիկանությանը հաջողվել է բռնել նրա պոչից և միաժամանակ հատուկ աքցանով սեղմել նրա գլուխը։
Սև մամբան տեղադրվել է տարայի մեջ և անասնաբուժական զննումից հետո ազատ կարձակվի։ Հարավային Աֆրիկայի՝ կենդանիների պաշտպանությանը վերաբերող օրենքներով թույլատրվում է օձերին սպանել միայն ծայրահեղ դեպքերում և ինքնապաշտպանվելիս։
Սև մամբաները հաճախ են հանդիպում Դուրբանի տարածքում, որտեղ՝ Հնդկական օվկիանոսի ափին, Հարավային Աֆրիկայի ամենահայտնի լողափերն են։ Օձերն ապրում են մոտակա արգելոցներում։
Սև մամբան Աֆրիկայի ամենախոշոր և ամենավտանգավոր թունավոր օձն է։ Խոշոր արյունատար անոթների մոտ օձի կծածը կարող է 20 րոպեի ընթացքում շնչառական կաթված առաջացնել և հանգեցնել մահվան, եթե ժամանակին հակաթույն չտրվի:
Այս օձի երկարությունը կարող է հասնել 4,4 մետրի, իսկ մարմնի տրամագիծը՝ 11 սանտիմետրի։ Սև մամբայի մաշկը մոխրագույն-շագանակագույն է՝ մետաղական փայլով։ Օձը «սև» է կոչվել երախի խոռոչի գույնի պատճառով։