ԱՄՆ-ը և Ուկրաինան հասել են «պատերազմը դադարեցնելու համաձայնագրի հիմնական պայմանների վերաբերյալ ընդհանուր ըմբռնման»․ Ումերով

Քաղաքականություն

25.11.2025 | 17:17

Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ ուկրաինական և ամերիկյան պատվիրակություններն «ընդհանուր համաձայնության» են եկել Ժնևի բանակցություններում քննարկված հրադադարի համաձայնագրի առանցքային դրույթների շուրջ։

«Մենք գնահատում ենք Ժնևում Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունների միջև կայացած արդյունավետ և կառուցողական հանդիպումները, ինչպես նաև նախագահ Թրամփի՝ պատերազմը դադարեցնելու անսասան ջանքերը։ Մեր պատվիրակություններն ընդհանուր համաձայնության են եկել Ժնևում քննարկված համաձայնագրի հիմնական պայմանների վերաբերյալ»,-նշել է Ումերովը։

Նա հավելել է, որ այժմ հետագա քայլերում եվրոպացի գործընկերների աջակցության հույս ունեն։

«Մենք անհամբեր սպասում ենք նոյեմբերին հնարավորինս շուտ կազմակերպել Ուկրաինայի նախագահի այցը ԱՄՆ՝ վերջնական քայլերն ավարտելու և նախագահ Թրամփի հետ  գործարքը կնքելու համար»,- ընդգծել է նա։

Նոյեմբերի 23-ին Ժնևում տեղի են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի շուրջ ԱՄՆ-ի, Ուկրաինայի ու եվրոպական երկրների միջև բանակցություններ: Կիևը և Վաշինգտոնը բանակցությունները բնութագրել էին որպես շատ արդյունավետ:

Ըստ լրատվամիջոցների՝ պատվիրակությունները որոշել են տարածքային հարցերը, ինչպես նաև Ուկրաինայի ու ՆԱՏՕ-ի միջև ապագա հարաբերությունները թողնել անձամբ Թրամփի և Զելենսկիի քննարկմանը:

Financial Times-ը հայտնել էր, որ Թրամփի խաղաղության ծրագիրը 28 կետից կրճատվել է մինչև 19-ի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment