Փաշինյանը Պուտինին խնդրել է աջակցության խոսքեր փոխանցել Նիկիտա Սիմոնյանի ընտանիքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ֆուտբոլիստ, վաստակավոր մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ և ԽՍՀՄ քառակի չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ: Նա ՌԴ նախագահին խնդրել է հայ ժողովրդի և անձամբ իր անունից ցավակցության և աջակցության խոսքեր փոխանցել Սիմոնյանի ընտանիքին և մտերիմներին։

«Լինելով ականավոր ֆուտբոլիստ և մարզիչ՝ նա իր անունը ոսկե տառերով գրեց հայկական և խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ։ Նրա ղեկավարությամբ էր, որ Երևանի «Արարատը» 1973 և 1975 թվականներին դարձավ չեմպիոն և ԽՍՀՄ կրկնակի գավաթակիր՝ անմոռանալի հպարտության զգացում պարգևելով բոլոր հայերին»,- նշել է Փաշինյանը։

Նա շեշտել է, որ Սիմոնյանի նվաճումները, պրոֆեսիոնալիզմը և նվիրվածությունը ֆուտբոլին ծառայելու են որպես ոգեշնչման աղբյուր բազմաթիվ սերունդների համար։

Նոյեմբերի 20-ին Սիմոնյանն ինքնազգացողության վատացման հետևանքով հոսպիտալացվել էր։ Նա մահացել էր 100 տարեկանում։

ՀՖՖ-ն հայտնել էր, որ ի հիշատակ հայկական ֆուտբոլի լեգենդի՝ հայկական թիմերը խաղադաշտ դուրս կգան սև թևկապներով։ Բացի այդ, ըստ գերատեսչության, Պրեմիեր լիգայի նոյեմբերի 25-ի հանդիպումը, 15-րդ տուրի, ինչպես նաև Հայաստանի առաջին խմբի առաջնության 17-րդ տուրի բոլոր հանդիպումները կմեկնարկեն 1 րոպե լռությամբ։

Leave a Comment