Ամերիկյան Anera կազմակերպությունը հրադադարից հետո ավելացրել է Գազայի կենտրոնական և հարավային մասերում տաք սննդի բաշխման ծավալները՝ օրական սնունդ ապահովելով ավելի քան 20 հազար մարդու, հաղորդում է BBC-ն:
Ալ Զավայդում գտնվող Anera-ի խոհանոցում մեծ քանակությամբ սնունդ են պատրաստում տեղահանված մարդկանց ճամբարների համար: Ղեկավար Սամի Մատարը լրատվամիջոցին ասել է, որ թիմը կաթսաների թիվը 15-ից հասցրել է 120-ի և այժմ սպասարկում է ավելի քան չորս հազար ընտանիքների 30 ճամբարներում: Կազմակերպությունը մատուցում է հիմնականում բրինձ, մակարոնեղեն և ոսպ, թարմ բանջարեղեն, միս հումանիտար առաքելություններին դեռ չի հաջողվում ներս բերել:
World Central Kitchen-ի մատակարարումները բարելավել են իրավիճակը, և Anera-ն այժմ սնունդ է առաքում փոքր բեռնատարով, մինչդեռ նախկինում օգտագործում էր սայլեր, ասվում է հրապարակման մեջ: Բայց ընտանիքները շարունակում են ապրել հիմնական պայմաններից զուրկ վրաններում և պատմում են, որ հաց ստանում են մի քանի օրը մեկ անգամ: ՄԱԿ-ի տվյալներով՝ տարբեր կառույցների հումանիտար խոհանոցներն օրական մինչեւ 1,4 մլն չափաբաժին են բաժանում, սակայն ընտանիքների մեկ քառորդը նախկինի պես սնվում է օրական մեկ անգամ, իսկ երկու երրորդը չի կարողանում սնունդ գնել փողի բացակայության պատճառով:
2023 թվականին պատերազմի սկսվելուց հետո Իսրայելի կողմից ապրանքների ներմուծման խիստ սահմանափակումները սովի են հանգեցրել հյուսիսային Գազայում։ Չնայած հրադադարին, հումանիտար կազմակերպությունները պահանջում են բացել լրացուցիչ անցակետեր և ընդլայնել մատակարարումների հասանելիությունը, քանի որ սովն ու ռեսուրսների պակասը շարունակում են սպառնալ հարյուր հազարավոր մարդկանց:
