Ուկրաինայի խաղաղության ամերիկյան առաջարկներն այն տեսքով, ինչ ներկայացվել են ռուսական կողմին, համապատասխանում են նրան, ինչ քննարկվել է Ալյասկայում ռուս–ամերիկյան գագաթնաժողովի ընթացքում, և սկզբունքորեն կարող են հիմք հանդիսանալ վերջնական խաղաղ կարգավորման համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանի հետ զրույցում:
Ռուսական կողմը հաստատել է իր շահագրգռվածությունը ուկրաինական ճգնաժամը քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորելու հարցում:
Կարծիքներ են փոխանակվել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ:
Էրդողանը մտադրություն է հայտնել ամեն կերպ աջակցել բանակցային գործընթացին և հայտարարել է Ստամբուլը որպես բանակցությունների հարթակ ապագայում պահպանելու պատրաստակամության մասին: Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են ակտիվացնել ռուս-թուրքական շփումները Ուկրաինայի շուրջ տարբեր մակարդակներում:
ԶԼՄ-ները նոյեմբերի 21-ին ներկայացրել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 28 կետից բաղկացած ծրագրի մանրամասները, որը նախատեսում է Ռուսաստանի կողմից ուկրաինական որոշակի տարածքների ճանաչում, ուկրաինական բանակի նկատմամբ սահմանափակումներ, մի քանի գոտու ապառազմականացում և Կիևի կողմից օտարերկրյա զորքերի տեղակայումից հրաժարում:
Կիևն զգուշորեն էր արձագանքել Թրամփի հայտարարություններին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պահն անվանել էր երկրի պատմության «ամենադժվարներից մեկը» և զգուշացրել, որ Կիևը կանգնած է «արժանապատվության կորստի» և «հիմնական գործընկերոջը կորցնելու ռիսկի» միջև ընտրության առաջ։
