Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Լուանդայում անցկացված Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո հայտարարել է, որ եվրոպացի ղեկավարները անընդունելի են համարում ԱՄՆ-ի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագրի 28 կետերից մի մասը, փոխանցում է ТАСС-ը։
Նրա խոսքով՝ «ուռա-լավատեսության համար քիչ հիմքեր կան», և ԵՄ առաջնորդները միաձայն են, որ մի քանի ժամ առաջ ներկայացված կետերի վրա աշխատանքը պետք է շարունակվի, քանի որ դրանցից որոշներն ընդունելի չեն։
Տուսկը նշել է, որ եվրոպացի ղեկավարներին չի բավարարում Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի կրճատման առաջարկված կետը։ Նա ընդգծել է նաև Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ճնշումը պահպանելու անհրաժեշտությունը։ Տուսկը տեղեկացրել է, որ Կիևի անվտանգության երաշխիքի նպատակով ՆԱՏՕ-ի կործանիչներ Լեհաստան տեղափոխելու կետը ծրագրից հանվել է։
Հավելենք՝ Լուանդայում՝ ԵՄ-Աֆրիկյան միության գագաթնաժողովի ընթացքում, կայացել է եվրոպացի առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպումը Ուկրաինայի հարցով, որի հիմնական թեման եղել է ԱՄՆ-ի ներկայացրած խաղաղ կարգավորման ծրագիրը։