«Արարատը» և «Սպարտակը» ցավակցել են Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ

Նիկիտա Սիմոնյանի նախկին ակումբներ Երևանի «Արարատը» և Մոսկվայի «Սպարտակը» ցավակցել են լեգենդար ֆուտբոլիստի և մարզիչի մահվան կապակցությամբ։

«Մեծ ցավով տեղեկացանք, որ իր կյանքի 100-րդ տարում մահացել է լեգենդար Նիկիտա Սիմոնյանը։

Անգնահատելի է նրա դերն ու ներդրումը հայկական ֆուտբոլում և «Արարատ-73»-ի պատմական հաջողությունների մեջ։

Նիկիտա Սիմոնյանը իսկապես մեծություն էր։ Նա բացի որպես «Արարատի» գլխավոր մարզիչ ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր դառնալուց, նաև Մոսկվայի «Սպարտակի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է, որի հետ միասին ևս որպես ֆուտբոլիստ և մարզիչ բազմիցս դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր:

Ֆուտբոլիստ Սիմոնյանի գլխավոր նվաճումներից էր 1956 թվականի Մելբուռնի Օլիմպիադայի հաղթող դառնալը:

Ցավակցում ենք Նիկիտա Սիմոնյանի հարազատներին, հայկական ֆուտբոլի ընտանիքին և «Արարատի» բոլոր երկրպագուներին»,- նշված է «Արարատի» ցավակցական ուղերձում։

«Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանն այլևս մեզ հետ չէ։ Կյանքի 100-րդ տարում մահացել է «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկուն։ Օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ 6-ակի չեմպիոն ու 5-ակի գավաթակիր՝ որպես խաղացող և մարզիչ։ Նիկիտա Պավլովիչի մրցանակները կարելի է անվերջ թվարկել։

Խորապես ցավակցում ենք հարազատներին ու մտերիմներին։ Դա հսկայական կորուստ է ամբողջ կարմիր-սպիտակ ընտանիքի համար»,- ասված է «Սպարտակի» ցավակցական ուղերձում։

Լեգենդար ֆուտբոլիստի և մարզիչի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ են հղել նաև հայկական մյուս ակումբները։

Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը կյանքից հեռացել է նոյեմբերի 23-ին։ Հոկտեմբերի 12-ին նա դարձել էր 99 տարեկան։

Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Նիկիտա Սիմոնյանը խաղացել է Սուխումիի «Դինամոյում», Մոսկվայի «Սպարտակում» և «Կռիլյա Սովետովում»։ «Սպարտակի» հետ նա մարզիչի ու ֆուտբոլիստի կարգավիճակում դարձել է ԽՍՀՄ վեցակի չեմպիոն ու հնգակի գավաթակիր։ Սիմոնյանը նաև 160 գոլով «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկուն է:

ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում Նիկիտա Սիմոնյանը ոսկե մեդալակիր է դարձել 1958թ․ Մելբուրնի Օլիմպիական խաղերում։ Ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար 2000-ին նա արժանացել է ՖԻՖԱ-ի շքանշանի։

Մարզչական կարիերայի ընթացքում Նիկիտա Սիմոնյանը գլխավորել է ԽՍՀՄ հավաքականը, իսկ 1973-1974թթ․ աշխատել է «Արարատում»՝ դառնալով ԽՍՀՄ-ի չեմպիոն: Նա երևանյան ակումբը գլխավորել է նաև 1984-1985-ին:

1992 թվականից Նիկիտա Սիմոնյանը զբաղեցնում էր Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահի պաշտոնը։

Leave a Comment