Ղրղզստանում ձերբակալվել են մի քանի քաղաքական գործիչներ և երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի որդին՝ Քադիրբեկ Աթամբաևը, հայտնում է DW-ն:
Աթամբաևից բացի, մասնավորապես ձերբակալվել են Ազգային անվտանգության պետական կոմիտեի պետական պահպանության ծառայության նախկին պետ Դամիր Մուսակեևը, սոցիալ-դեմոկրատների քաղաքական կուսակցության առաջնորդ Թեմիրլան Սուլթանբեկովը, Ղրղզստանի խորհրդարանի նախկին պատգամավորներ Շայլոբեկ Աթազովը և Կուբանիչբեկ Կադիրովը:
ՆԳՆ հայտարարության համաձայն՝ բոլոր հինգ ձերբակալվածները ծրագրել են «հանրապետության խորհրդարանի ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո հանրահավաքների շարք նախաձեռնել՝ ձգտելով զանգվածային դժգոհության տեսք ստեղծել»: Մասնավորապես, գերատեսչության վարկածով, ձերբակալվածները պատրաստվում էին «հակասահմանադրական պահանջներ» առաջադրել և վարչական շենքերի, հեռուստաալիքների, ուժային կառույցների օբյեկտների, զենքի ու քրեակատարողական հիմնարկների զավթման փորձեր ձեռնարկել: Այդ գործողությունների ուժային ուղեկցումը պետք է ապահովեին քրեական տարրերը, պնդում են ՆԳՆ-ում։
«Խուզարկությունների ընթացքում առգրավվել են զենք, զինամթերք, նռնակներ, կապի միջոցներ, ֆինանսավորման մասին փաստաթղթեր, գործողությունների պլաններ, թմրամիջոցներ, ինչպես նաև 150 հազար դոլարի չափով դրամական միջոցներ», – նշել է գերատեսչությունը:
Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել երկրի ՔՕ-ի «զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստություն» հոդվածով։
Ղրղզստանի խորհրդարանի արտահերթ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 30-ին: Դրանք նախատեսված էին 2026 թվականի նոյեմբերին, սակայն սեպտեմբերի 25-ին պատգամավորները կամավոր վայր են դրել իրենց մանդատները:
