Նյու Յորքի նորընտիր քաղաքապետ Զոհրան Մամդանին հանդիպել է Դոնալդ Թրամփին Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում։
Նրանց առաջին անձնական հանդիպումը շատ ավելի բարեկամական էր, քան սպասում էին լրագրողները՝ հաշվի առնելով, որ անցյալում երկու քաղաքական գործիչները միմյանց մասին չափազանց կտրուկ էին արտահայտվել։
«Մենք շատ ավելի մեծ համաձայնության եկանք, քան ես կարծում էի… Մենք ունենք մեկ ընդհանուր բան. մենք ցանկանում ենք, որ մեր սիրելի քաղաքը բարգավաճի»,- հայտարարել է հանրապետականը։ Թրամփը նաև հավելել է, որքան լավ է Մամդանին կատարում իր աշխատանքը, ինքն այնքան ավելի երջանիկ է դառնում։
«Այն, ինչ ես իսկապես գնահատում եմ նախագահի մեջ, այն է, որ հանդիպման ժամանակ մենք կենտրոնացանք ոչ թե տարաձայնությունների վրա, որոնք շատ են, այլ ընդհանուր նպատակի՝ Նյու Յորքի բնակիչներին ծառայելու վրա»,- իր հերթին ասել է Մամդանին։
Հիշեցնենք, որ նոյեմբերին Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում հաղթանակ տարավ 34-ամյա դեմոկրատ սոցիալիստ, նահանգի օրենսդիր ժողովի անդամ Զոհրան Մամդանին։
Նա խոստացել է ընտրողներին անվճար ավտոբուսներ, մունիցիպալ մթերային խանութների ցանց, համընդհանուր նախադպրոցական կրթություն և վարձակալության սառեցում գրեթե 2 միլիոն քաղաքացիների համար։
Մամդանին կդառնա Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում առաջին մուսուլմանը և հարավասիական ծագում ունեցող քաղաքական գործիչը։
Ավելի վաղը՝ Թրամփը Մամդանիին անվանել էր «կոմունիստ», «արմատական ձախ խենթ» և «հրեաներին ատող»։ Նա նաև հայտարարել էր, որ Մամդանիի հաղթանակից հետո Նյու Յորքը «մի փոքր կորցրեց ինքնիշխանությունը» և սպառնացել էր կրճատել քաղաքի ֆինանսավորումը սոցիալիստի ընտրվելու դեպքում։
Իր ընտրարշավի ընթացքում Մամդանին Թրամփին անվանել էր «դեմոկրատիայի սպառնալիք»։