Թրամփի խաղաղության ծրագիրը Ուկրաինային առաջարկում է 10 տարվա անվտանգության երաշխիք․ Axios

Axios պորտալը, հղում անելով փաստաթղթի նախագծին, հայտնում է, որ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության կարգավորման համար ԱՄՆ-ի կողմից պատրաստված ծրագիրը ենթադրում է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել ՆԱՏՕ-ի Հինգերորդ Հոդվածի (կոլեկտիվ պաշտպանություն) մոդելով։

«Սույն շրջանակային համաձայնագիրը սահմանում է Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև զինադադարի պայմանները և տրամադրում է անվտանգության երաշխիքներ՝ հիմնված Հյուսիսատլանտյան պայմանագրի Հոդված 5-ի սկզբունքների վրա, որոնք հարմարեցված են տվյալ կոնֆլիկտի հանգամանքներին և Միացյալ Նահանգների ու նրա եվրոպական գործընկերների շահերին»,- ասվում է նյութում։

Փաստաթուղթը նախատեսում է, որ դրա տակ իրենց ստորագրությունները կդնեն Ուկրաինայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները։

Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանը տեղեկացվել է նախագծի մասին, սակայն դեռ պարզ չէ, թե արդյոք ի վերջո կպահանջվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրությունը։

Անվտանգության երաշխիքը կգործի առաջին 10 տարիների ընթացքում և կարող է երկարաձգվել փոխադարձ համաձայնությամբ։

Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները և ուկրաինացի պատգամավորները հրապարակել էին Թրամփի խաղաղության ծրագրի 28 կետերը, որոնք, ի թիվս այլոց, նախատեսում էին Ուկրաինայի հրաժարումը ՆԱՏՕ-ին անդամակցելուց։

Leave a Comment