«Կամազ»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, վերջինս տեղում մահացել է

21 Նոյեմբերի, 2025

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Աշնակ գյուղի Իսրայելյան փողոցում «Կամազ» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկան, բախվել քարե պարսպին և կողաշրջված հայտնվել բնակչի հողամասում։

Ինչպես դեպքի վայրում հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով երեխան տեղում մահացել է, իսկ բեռնատարի վարորդին առաջինը օգնության են հասել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ փրկարարական  ջոկատի փրկարարները, ովքեր մեծ դժվարությամբ, հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել, ով այնուհետև տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության տեսուչ Արգամ Մելիքյանի, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Կարեն Մեխակյանը և կրտսեր պարեկ Դավիթ Սերոբյանը։

Դեպքի վայր է ժամանել նաև Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը:

Դեպքի մաիսն ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի, Թալինի քննչական բաժնի պետ Արտակ Պետրոսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացած երեխայի և վարորդի ինքնությունը։

 

Leave a Comment