Լավ ավանդույթ է դարձել նշել հայկական դրամի օրը, որը նոյեմբերի 22-ին դառնում է 32 տարեկան
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Լավ ավանդույթ է դարձել նշել հայկական դրամի օրը, որը նոյեմբերի 22-ին դառնում է 32 տարեկան։ Հենց այս օրը Հայաստանի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ դրեց սեփական ազգային արժույթը խորհրդային ռուբլու փոխարեն։ Մենք բոլորս հրաշալի հասկանում ենք, որ դրամը պարզապես արժույթ չէ, այն կայունության խորհրդանիշ է, ուղենիշ, որը միավորում է մեր հասարակությանը։ Նրա կենդանի պատմությունը՝ որպես պետության կարևորագույն ատրիբուտներից մեկը, մարմնավորվել է 2008 թ.-ի նոյեմբերի 22-ին Հայաստանի Կենտրոնական բանկի առջև կանգնեցված հուշարձանում։
Հայկական դրամի տարեդարձի կապակցությամբ «Նովոստի-Արմենիան» ներկայացնում է անսովոր հուշարձանների ընտրանի՝ կապված փողի հետ։
1. Հայկական դրամի հուշարձան

Հայկական դրամի հուշարձանը բացվել է Երևանում 2008 թվականի նոյեմբերի 22-ին՝ հայկական ազգային արժույթի տարեդարձին։ Կենտրոնական բանկը նախապես մրցույթ էր անցկացրել դրամական միավորի լավագույն խորհրդանիշի համար։ Կարեն Կոմենդարյանի և Ռուբեն Արուտչյանի էսքիզները դարձան մրցույթի հաղթողները, իսկ հուշարձանի քանդակագորն է Էդուարդ Շախիկյանը։ Բրոնզե քանդակը տեղադրված է քարե պատվանդանի վրա, որը վեր է խոյանում բազմանկյուն հարթակից։ Այն ներկայացնում է ազգային արժույթի խորհրդանիշը՝ երկկողմանի Դ տառի տեսքով, կրկնակի հորիզոնական գծով՝ մի շարք օտարերկրյա արժույթների խորհրդանիշերի նման։
2. Մետաղադրամին նվիրված ամենամեծ հուշարձանը՝ «Մեծ Նիկելը»

Մետաղադրամին նվիրված ամենամեծ հուշարձանը՝ «Մեծ Նիկելը» (The Big Nickel), գտնվում է Կանադայում: Այս 9 մետր բարձրությամբ քանդակը 1951 թվականի նիկելային մետաղադրամի ճշգրիտ կրկնօրինակն է: Հուշարձանը 64 միլիոն անգամ ավելի մեծ է, քան իսկական 5–ցենտանոց մետաղադրամը: Այն այժմ շրջանի հիմնական զբոսաշրջային գոտին է, արժեքավոր օբյեկտ և տեղի բնակիչների հպարտությունը: Հսկայական մետաղադրամը ստեղծվել է Սադբերիի հրշեջ Թեդ Սզիլվայի համառության շնորհիվ:
3. «Փոքրիկ կտոր» լողափին

Որոշ հուշարձաններ նվիրված են այն արժույթներին, որոնք շրջանառությունից դուրս են եկել։ Օրինակ՝ Իսպանիայում կարելի է հանդիպել պեսետայի քանդակների: Արժույթի անվանումը ծագում է կատալոնական «peceta» բառից, որը բառացի թարգմանաբար նշանակում է «փոքր կտոր»:
Արժույթը շրջանառության մեջ է մտել 1869 թվականին, երբ երկիրը միացել է Լատինական արժութային միությանը: Պեսետան շրջանառությունից վերջնականապես հանվել է 2002 թվականին և փոխարինվել եվրոյով: Իսպանիայի մի քանի քաղաքներում կան պեսետային նվիրված քանդակներ: Դրանցից մեկը գտնվում է Ֆուենխիրոլայի ափամերձ հատվածում: Քանդակի հեղինակը տեղացի նկարիչ և քանդակագործ Խոսե Գոմես Գերերոն է: Զբոսաշրջիկները լուսանկարվում են քանդակի մոտ, իսկ տեղացիները՝ հանդիպման վայր նշանակում:
4. «Եվրոպա» արձան․ աջ ձեռքում եվրոյով կինը

Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդարանի մոտ, տեղադրված է «Եվրոպա» արձանը, որը շատերը համարում են եվրոյի հուշարձան: Կնոջ բրոնզե քանդակը ձեռքում պահում է «E» տառը, որտեղ հեշտությամբ կարելի է տեսնել եվրո արժույթի խորհրդանիշը՝ որպես եվրոպական ժողովուրդների և ազգերի միասնության խորհրդանիշ։ «Եվրոպա»-ի հեղինակը բելգիացի քանդակագործ Մեյ Քլերհաութն է:
Հատկանշական է, որ քանդակը թվագրվում է 1993 թվականով՝ եվրոյի պաշտոնական ներդրումից ինը տարի առաջ: Այնուամենայնիվ, հուշարձանը ճշգրտորեն համապատասխանում է 1992 թվականի Մաաստրիխտի պայմանագրի դրույթներին, որը սահմանել է արժույթի հայեցակարգը:
5. Ռուսաստանում փողին նվիրված հուշարձաններ

Ռուսաստանում նույնպես կան փողին նվիրված հուշարձաններ: Աշխարհում առաջին, և, թերևս, առայժմ միակ, բանկային քարտին նվիրված հուշարձանը տեղադրվել է Եկատերինբուրգում 2011 թվականին: Այն ներկայացնում է բարձրաքանդակ՝ ձեռքի տեսքով, որը պահում է պլաստիկ քարտ: Քարտի վրա փորագրված է Էդվարդ Բելամիի անունը՝ գիտաֆանտաստիկ ժանրի գրողի, որն իր «Հայացք անցյալին» վեպում 1888 թվականի կանխատեսել էր վճարային քարտերի հայտնվելը:
6. Փողերը վերջացել են

Աշխարհում կան մի քանի հուշարձաններ՝ տապանաքարերի տեսքով, որոնք նվիրված են փողին: Օրինակ՝ Գերմանիայում այդպես «թաղվել» է գերմանական մարկը, որը փոխարինվել է եվրոյով: Նմանատիպ քանդակներ են կանգնեցվել Գիֆհորն և Բրոքեն քաղաքներում:
Հին դարերի փողը ևս հիշվում է շատ երկրներում: Բրատիսլավայում կա կելտական բիատեկի հուշարձան, որն Անտիկ ժամանակաշրջանում հատվել է ժամանակակից Սլովակիայի տարածքում: Իսկ Չինաստանի Ցանչժոու քաղաքում կարելի է տեսնել 7-10-րդ դարերում իշխած Թան դինաստիայի մետաղադրամի անսովոր հուշարձանը։
7. «Մետաղադրամներով սափոր» հուշարձանը Աստանայում, Ղազախստան

Աստանայում գտնվող «Մետաղադրամներով սափոր» հուշարձանը փոքր հուշարձան է, որը նվիրված է Ղազախստանի պատմական հարստությանը: Քանդակը, որը պատրաստված է ամուր գրանիտից, պատկերում է սափոր, որից թափվում են թանկարժեք մետաղադրամներ: Դրանք խորհրդանշում են ոչ միայն երկրի նյութական հարստությունը, այլև նրա հարուստ պատմությունը: Մետաղադրամները հիշեցնում են Ղազախստանում հնագետների և պատմաբանների կողմից հայտնաբերված գանձերի մասին:
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։