Արտաքին պարտքի գլոբալ ճնշումն աճում է աշխարհում

Արտաքին պարտքի գլոբալ ճնշումն աճում է աշխարհում

Արտաքին պարտքի համաշխարհային բեռը շարունակում է մեծանալ՝ ստեղծելով նոր ռիսկային գոտիներ ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող տնտեսությունների համար։ Վերջին գնահատականներով, Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է պահպանել աշխարհում ամենամեծ արտաքին պարտք ունեցող երկրի դիրքը․ այն հասել է շուրջ 25,8 տրիլիոն ԱՄՆ դոլարի։ Մասնագետները նշում են, որ այս մակարդակը ոչ միայն ֆինանսական շուկաներին է մտահոգում, այլև ազդում է գլոբալ տնտեսական քաղաքականության վրա՝ ազդարարելով միջազգային կապիտալի աճող կախվածությունը պետական ու մասնավոր պարտավորություններից։

Միջազգային ֆինանսական հոսքերում առանցքային դերակատարումը շարունակում են ունենալ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ), Համաշխարհային  բանկը, ինչպես նաև մի շարք զարգացման բանկեր, որոնք գործում են որպես գլխավոր դոնորներ զարգացող տարածաշրջանների համար։ Այս կառույցների վարկային ծրագրերը հաճախ դառնում են ֆինանսական կայունության պահպանման հիմնասյունը այն երկրներում, որոնք բախվում են բարձր տոկոսադրույքների, արժութային տատանումների և ներդրումային ռիսկերին։

Միևնույն ժամանակ, ԱՄՀ-ի և միջազգային վարկատուների զեկույցներում ընդգծվում է, որ զարգացման ճանապարհին գտնվող շատ երկրներ շարունակում են կանգնած մնալ պարտքի սպասարկման ծանրաբեռնվածության առաջ։ Տոկոսադրույքների բարձրացումը և ֆինանսական շուկայում խստացող պայմանները ստիպում են կառավարություններին վերանայել բյուջետային քաղաքականությունը, իսկ որոշ դեպքերում՝ հրաժարվել ներդրումային ծրագրերից։

Տարածաշրջանային պատկեր․ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան

Տարածաշրջանի երկրների արտաքին պարտքի տվյալները ցույց են տալիս տարբեր մակարդակի կախվածություն արտաքին ֆինանսական աղբյուրներից։

Հայաստան

Հայաստանի արտաքին պարտքը ներկայումս կազմում է  6,9 միլիարդ ԱՄՆ դոլար։ Երկրի հիմնական դոնորներն են ԱՄՀ-ն, Համշխարհային բանկը, ինչպես նաև մի շարք այլ բազմակողմանի ֆինանսական հաստատություններ։ Հայաստանի պարտքային քաղաքականությունը համեմատաբար պահպանողական է․ պարտքի մեծ մասը ձևավորվում է երկարաժամկետ, արտոնյալ պայմաններով։

Վրաստան

Վրաստանի արտաքին պարտքը 2025-ի տվյալներով հասել է շուրջ 26,5 միլիարդ դոլարի, ինչը կազմում է երկրի ՀՆԱ-ի մոտ 75 տոկոսը։ Վրաստանը զգալիորեն ներգրավված է ինչպես միջազգային, այնպես էլ երկկողմանի վարկային ծրագրերում։ Նշվում է, որ Ֆրանսիան շարունակում է մնալ Վրաստանի խոշորագույն երկկողմանի դոնորներից մեկը, մինչդեռ ԱՄՀ-ն ու Համաշխարհային բանկը կարևոր դեր ունեն մակրոտնտեսական կայունության ապահովման գործում։

Ադրբեջան

Ադրբեջանի արտաքին պարտքը կազմում է մոտ 15,5 միլիարդ դոլար։ Չնայած նավթային եկամուտներին, որոնք զգալիորեն թեթևացնում են երկրի ֆինանսական բեռը, Բաքուն շարունակում է պահպանել արտաքին պարտքի որոշակի մակարդակ՝ հիմնականում ենթակառուցվածքային և տնտեսական զարգացման ծրագրերի ֆինանսավորման նպատակով։

Leave a Comment