ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանը նոյեմբերի 19-ին հանդիպել է Հայաստանում Կիրառական գիտությունների միջազգային համալսարանի Իրավագիտության և Կառավարման ֆակուլտետների ուսանողների հետ:
Ներկայացնելով Հակակոռուպցիոն կոմիտեի կառուցվածքն ու հիմնական գործառույթները՝ Կոմիտեի նախագահի տեղակալն ուսանողների հետ զրուցել է կոռուպցիայի տեսակների, վերջիններիս ծագման պատճառների ու հետևանքների մասին, ընդգծել դրա կանխարգելման կարևորությունը՝ այդ համատեքստում առանձնացնելով հակակոռուպցիոն կրթության նշանակությունը:
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ Արմեն Ասատրյանը նշել է, որ այն չի կարող սահմանափակվել միայն օրենքների ընդունմամբ կամ պատժիչ մեխանիզմների կիրառմամբ․ դրանք անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ են։ Կարևոր է, որպեսզի հակակոռուպցիոն պայքարը լինի համալիր, բազմաշերտ և երկարատև։ Ըստ Կոմիտեի նախագահի տեղակալի՝ հակակոռուպցիոն պայքարի արդյունավետության էական գործոններից մեկը հասարակության մտածելակերպի փոփոխությունն է, քանի որ պետությունն անգամ լավագույն օրենքներով չի կարող հաղթահարել կոռուպցիան, եթե մարդիկ դեռևս պատրաստ են գնալ կոռուպցիոն գործարքների։
Այդ առումով Արմեն Ասատրյանը կարևորել է հանրության շրջանում ազնվության, պատասխանատվության և հաշվետվողականության վրա հիմնված արժեքների արմատավորումը, ինչպես նաև ընդգծել, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարին ուղղված պետական քաղաքականության շրջանակներում ներկա պահին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ընթանում են կառույցի գործունեության արդիականացմանն ու տեխնիկական վերազինմանն ուղղված ծավալուն աշխատանքներ։
Հանդիպման ավարտին ուսանողներն իրենց հուզող հարցերն են ուղղել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալին, այցելել քննիչների աշխատասենյակներ՝ տեղում ծանոթանալով նրանց աշխատանքի բնույթին և առօրյային։