ՄԱԳԱՏԷ-ի խորհուրդն ընդունել է բանաձև, որով պահանջում է Իրանից «անհապաղ» բացահայտել հարստացված ուրանի իր պաշարների և հունիսին Իսրայելի հարվածների թիրախ դարձած միջուկային օբյեկտների կարգավիճակը, հայտնում է Reuters-ը։
Բանաձևը ներկայացրել են ԱՄՆ-ն և «Եվրաեռյակ»-ը (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա)։ Գործակալության տվյալներով՝ բանաձևն ընդունվել է 19 կողմ և 12 ձեռնպահ ձայներով։ Ռուսաստանը, Չինաստանը և Նիգերը քվեարկել են դեմ։
Բանաձևի համաձայն՝ Թեհրանը պետք է անհապաղ ՄԱԳԱՏԷ-ին տրամադրի իր միջուկային նյութերի հաշվառման և միջուկային օբյեկտների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն և գործակալությանը տրամադրի այդ տեղեկատվությունը ստուգելու համար անհրաժեշտ բոլոր մուտքերը։
Քվեարկությունից հետո ՄԱԳԱՏԷ-ում Իրանի դեսպան Ռեզա Նաջաֆին հայտարարել է, որ բանաձևը «կունենա հետևանքներ»։ Ավելի ուշ Թեհրանը պաշտոնապես տեղեկացրել է ՄԱԳԱՏԷ-ին Իրանի և գործակալության միջև սեպտեմբերին Կահիրեում կնքված համագործակցության համաձայնագրի դադարեցման մասին։
Սեպտեմբերի 9-ին Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն համաձայնության էին եկել համագործակցության նոր ընթացակարգերի շուրջ։ Թեհրանը դադարեցրել էր համագործակցությունը գործակալության հետ հունիսին Իսրայելի հարձակումից հետո։ Սեպտեմբերի 27-ին Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնվել էին ԵՄ եռյակի կողմից 2015 թվականի միջուկային համաձայնագրի շրջանակներում գործարկված պատժամիջոցների մեխանիզմի շրջանակներում։
