Նա Բարսելոնայում արդեն նոր Մեսսին է․ Ռեալի նախկին ֆուտբոլիստ — Armsport.am

Հոլանդացի նախկին կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը համոզված է, որ Լամին Յամալը դեռ երկար ժամանակ չի հեռանա «Բարսելոնայից» և կարող է նույնիսկ գերազանցել Լիոնել Մեսսիին։

Adventure Gamers-ին տված հարցազրույցում «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը զուգահեռներ է անցկացրել Յամալի և Մեսսիի միջև։ Նրա կարծիքով՝ երիտասարդ իսպանացին ճիշտ ճանապարհին է և ունակ է գերազանցել արգենտինացի աստղի ցուցանիշներն ու կարիերան։

«Մենք քննարկում ենք՝ կարո՞ղ է արդյոք Լամինը մի օր դառնալ Մեսսի, բայց նա «Բարսելոնայում» արդեն նոր Մեսսին է։ Ակումբը նրան երբեք բաց չի թողնի, և, կարծում եմ, տղան ինքն էլ երբեք չի ցանկանա հեռանալ»,- նշել է Սնեյդերը։

Հոլանդացու խոսքով՝ տեղափոխությունը այլ առաջնություն իմաստ չունի Յամալի համար․

«Լամինն այնտեղ է վաղ հասակից և որպես գլխավոր թիմի խաղացող՝ արդեն մեծ հաջողությունների է հասել։ Նա մեծ գումարներ է վաստակում և իսկական աստղ է։ Ինչո՞ւ պետք է նա մտածի Անգլիա, Գերմանիա կամ այլ տեղ տեղափոխվելու մասին։ Դա անիմաստ է»։

Սնեյդերը, ով ժամանակին «Ինտերի» կազմում հաղթել է Չեմպիոնների լիգան և խաղացել ԱԱ-ի եզրափակչում, պնդում է իր համեմատության վրա․

«Գուցե Լամինը հեռանա ավելի ուշ, ինչպես Մեսսին՝ նոր փորձառություն ձեռք բերելու համար, բայց հիմա 2025 թվականն է։ Եթե մենք խոսենք 10 տարի անց, Լամին Յամալը դեռ «Բարսելոնայում» կլինի։ Կարո՞ղ է արդյոք Յամալը հասնել Մեսսիի մակարդակին կամ նույնիսկ գերազանցել նրան։ Հնարավոր է։ Ֆուտբոլիստներն ամեն տարի կատարելագործվում են, իսկ նա արդեն շատ բարձր մակարդակի վրա է»։

Leave a Comment