«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Վիկտոր Ֆոնտը հայտարարել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում առաջին հերթին ակումբ կհրավիրի «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին։ Հիշեցնենք, որ արգենտինացի ֆուտբոլիստը կատալոնական ակումբի գույները պաշտպանել է 2003-ից 2021 թվականներին։
«Մենք պետք է հնարավորինս շուտ ընդունենք Լիոնել Մեսսիին և անենք ամեն ինչ, որպեսզի նա ստանա այն դերը, որի մասին խոսում էր անցած շաբաթ, և որում նրան կցանկանային տեսնել «Բարսելոնայի» բոլոր երկրպագուները։ Նրա պատվին միայն արձան կանգնեցնելը քիչ է», — նշել է Ֆոնտը։
Լրագրողի հարցին, թե արդյոք Մեսսիի «վերջին պարը» «Բարսելոնայում» մոտիվացնում է իրեն, թեկնածուն պատասխանել է.
«Անձամբ ինձ մոտ՝ որպես երկրպագուի, այդ միտքը սարսուռ է առաջացնում, բայց ակնհայտ է, որ ամեն ինչ կախված է նրանից։ Այն, ինչ չի կարելի անել, նրան օգտագործել փորձելն է։ Կարծում եմ՝ Լապորտան դա արել է, ընդ որում՝ բազմիցս, և արել է սխալ։ Դրա վառ օրինակն էին նախորդ ընտրությունները. սա չկատարված խոստման ևս մեկ դրսևորում էր»։
Ֆոնտը եզրափակել է իր խոսքը՝ շեշտելով ապագա քայլերը.
«Կարծում եմ՝ Մեսսիին չի կարելի օգտագործել, բայց նա պետք է իմանա՝ առաջին բանը, որ կանեմ հաղթանակից հետո, հեռախոսը վերցնելն ու նրան զանգահարելն է լինելու։ Դա կլինի իմ առաջին զանգը։ Առայժմ ոչ մի շփում չի եղել ո՛չ նրա, ո՛չ էլ նրա շրջապատի հետ։ Մեր պարտականությունն է խոսել բոլոր նրանց հետ, ովքեր կարող են ներդրում ունենալ ապագայի կառուցման գործում»։
Աղբյուրը՝ Mundo Deportivo