«Թրամփի ուղի»-ն այնքան մեծ ծրագիր է, որ տոկոս ասելը շատ դժվար կլինի. Փաշինյան

«Թրամփի ուղի» ծրագիրն այնքան մեծ ծրագիր է, որ տոկոս ասելը շատ դժվար կլինի, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ծրագրի մոտավոր քանի տոկոսն է կատարվել։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե հայկական կողմից ով է այն համակարգելու, քանի որ արդեն հայտնի է, որ ամերիկյան կողմից համակարգողը պետքարտուղարի տեղակալի օգնական Սոնատա Քոուլթերն է։

Փաշինյանը նշեց, որ խոսք կարող է գնալ շատ նեղ աշխատանքային խմբի մասին, որովհետև ԱԳՆ-ում կա իր պատասխանատուն, բայց դա ավելի լայն համատեքստի հարց է՝ տրանսպորտային ենթակառուցվածքներ և այլն։

«Մեզ մոտ աշխատանքային որոշակի տրամաբանություն կա. փոխվարչապետի մակարդակով համակարգում կա, կա նաև ԱԳՆ փոխնախարարի մակարդակով։ Ամերիկյան գործընկերների հետ աշխատում է Վահան Կոստանյանը, իսկ ավելի լայն համակարգումը՝ սահմանազատում, ենթակառուցվածքներ և այլն՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը»,- ասաց Փաշինյանը։

Leave a Comment