Էրդողանը կոչ է արել Ստամբուլում նոր բանակցություններ անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել վերադառնալ Ստամբուլում բանակցություններին՝ նշելով, որ անհրաժեշտ է վերսկսել դրանք, քանի որ մարտերը շարունակվում են, և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվն աճում է։ Turkish Minute-ի հաղորդմամբ՝ Էրդողանն այս մասին հայտարարել է Անկարայում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա ասել է, որ Թուրքիան ցանկանում է վերականգնել բանակցային ձևաչափը, որը մայիսից հուլիս Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություններին բերել է Ստամբուլ՝ բանակցությունների երեք փուլի համար։

«Մենք ընդգծել ենք Ստամբուլի գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը՝ արդյունքների հասնելուն ուղղված գործնական մոտեցմամբ։ Մենք ակնկալում ենք, որ բոլոր գործընկերները, ովքեր ցանկանում են, որ արյունահեղությունը դադարեցվի, կաջակցեն այս գործընթացին»,- ասել է Էրդողանը։

Էրդողանը նշել է, որ Ռուսաստանի վերջին հարվածներն ուկրաինական քաղաքներին, այդ թվում՝ էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները, ցույց են տվել Թուրքիայի ամենամեծ քաղաքում նոր բանակցություններ վարելու անհրաժեշտությունը։

«Էներգետիկ ենթակառուցվածքների վրա աճող հարձակումները և մարդկային կորուստներն ավերածություններ են ստեղծում երկու կողմերի համար էլ։ Մենք կարծում ենք, որ Ստամբուլի գործընթացի վերսկսումն ավելի լայն շրջանակով, որը կարող է լուծել հրատապ խնդիրները, օգտակար կլինի»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Զելենսկին, իր հերթին, հայտնել է, որ շատ արդյունավետ և բովանդակալից հանդիպում է ունեցել  Թուրքիայի նախագահի հետ։ X-ի միկրոբլոգում նա հայտնել է, որ քննարկել են պաշտպանության ոլորտում հետագա համագործակցությունը՝ համատեղ արտադրական նախագծերը և կյանքի ավելի արդյունավետ պաշտպանությունը։

«Մենք նաև անդրադարձել ենք դիվանագիտության ոլորտում ստեղծված իրավիճակին՝ նպատակ ունենալով բոլոր գործողություններն ուղղորդել արժանապատիվ խաղաղության և երաշխավորված անվտանգության ապահովմանը: Մենք կիսում ենք Թուրքիայի կարծիքը՝ խաղաղությունն ու անվտանգությունը պետք է երաշխավորված լինեն: Մենք նաև աշխատում ենք վերականգնել փոխանակումները և տուն վերադարձնել ուկրաինացի ռազմագերիներին, Ռուսաստանի կողմից պահվող ուկրաինացի քաղաքացիական անձանց և առևանգված ուկրաինացի երեխաներին»,- նշել է Զելենսկին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment