Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այն, որ News.am դեղին մամուլի ներկայացուցիչ լրատվականը (Որի հետ լավ ծանոթ չլինելով՝ ցավոք, ես էլ ժամանակին հարցազրույց եմ տվել) կարող էր նման որակի նյութ հրամցնել հանրությանը՝ կարելի էր կանխատեսել։ Սակայն Ալեքսեյ Վենեդիկտովի հարցազրույցն անցկացրած լրագրողի մասնագիտական որակները այլ հարցերի տեղիք են տալիս։
1. Իսկապե՞ս այդ լրագրողը չի նկատում, թե ժամանակ առ ժամանակ ինչպես է Վենեդիկտովը ձեռք առնում իր ոչ կոմպետենտությունը (լավ է «պրոչիլի» չասացիք, «Ձեր բոլոր հարցերն են անսովոր» և այլն )։
2. Արդյո՞ք նման որակի լրագրողի հանդիպելուց հետո Հայաստանի բոլոր լրագրողների վերաբերյալ միջազգային մակարդակում սխալ պատկերացում ձևավորելու վտանգ չկա։
3. Հետագայում հնարավոր չէ՞ որևէ կերպ վերահսկել լրագրության մակարդակը ՀՀ-ում, քանի որ ընդդիմության կամ իշխանության դաշտում լինելը մեկ բան է, ոչ պրոֆեսիոնալ լինելը բացարձակ այլ բան։
4. Ի վերջո՝ արդյո՞ք միայն լրատվականները պետք է լիցենզավորվեն։ Հնարավոր չէ՞ պարբերաբար վերապատրաստման և լիցենզավորման պարտադիր կարգ մշակել նաև լրատվականներում աշխատանքի անցնող լրագրողների համար (մաքսային միջնորդների, ուսուցիչների, դասախոսների, զինվորականների և այլ անձանց համանմանությամբ)։
Եթե օրինակ Արա Աբրահամյանի դեպքում ոչ կոմպետենտության և անբավարար գիտելիքների հետ համակերպվում ենք, քանի որ նա Հայաստանում չի ապրում, աշխատում և խոշոր հաշվով չի ներկայացնում Հայաստանը, ապա նշված լրագրողն ընդհակառակը՝ ընկալվում է որպես Հայաստանի լրատվական դաշտի ներկայացուցիչ, ինչը, կարծում եմ, լրատվական դաշտի այլ ներկայացուցիչների և ոչ միայն իրենց համար պիտի որ այնքան էլ ցանկալի չլինի։