NVIDIA-ն հրապարակել է 2025թ․ երրորդ եռամսյակի եկամուտների հաշվետվությունը, որին անհամբեր սպասում էին Ուոլ Սթրիթում՝ գնահատելու արհեստական բանականության ոլորտի շուրջ ձևավորված բարձր ակնկալիքների և ընդլայնվող պահանջարկի իրատեսականությունը։ Ընկերության հայտարարած ֆինանսական ցուցանիշները զգալիորեն գերազանցել են վերլուծաբանների կանխատեսումները, իսկ համախառն եկամուտը հասել է $57.0 միլիարդի, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 62 տոկոսով։
Եկամուտների աճը գրեթե ամբողջությամբ պայմանավորված է եղել Data Center (տվյալների կենտրոն) հատվածի աննախադեպ ցուցանիշներով։ Այս առանցքային ուղղությունը եռամսյակում ապահովել է $51.2 միլիարդ եկամուտ, ինչը 66 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքը և կազմում է ընկերության ընդհանուր եկամուտի շուրջ 90 տոկոսը։ Շահույթը մեկ բաժնետոմսի (EPS) համար նույնպես գերազանցել է սպասումները՝ հասնելով $1.30-ի։
Իր հայտարարության մեջ ընկերության գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգն ընդգծել է ոչ միայն ֆինանսական հաջողությունը, այլև AI էկոհամակարգի աննախադեպ զարգացումը. «Blackwell-ի վաճառքները գերազանցում են բոլոր սպասումները, իսկ ամպային GPU-ներն ամբողջությամբ սպառված են։ Մենք մուտք ենք գործել Արհեստական բանականության բուռն զարգացման ցիկլ։ AI էկոհամակարգը արագ տեմպերով մասշտաբավորվում է՝ ավելի շատ նոր հիմնարար մոդելներ ստեղծողներ, ավելի շատ AI ստարտափներ, ավելի շատ ոլորտներում և ավելի շատ երկրներում։ AI-ը գնում է ամենուր, անում է ամեն ինչ` միաժամանակ», — նշել է Հուանգը։
Հաշվետվության հրապարակումից անմիջապես հետո՝ երկարաձգված առևտրի ընթացքում, NVIDIA-ի բաժնետոմսերի արժեքն աճել է շուրջ 4.1 տոկոսով։ Ինչ վերաբերում է ապագա տեսլականին, ապա ընկերությունը չորրորդ եռամսյակի համար կանխատեսել է $65 միլիարդ եկամուտ, ինչը զգալիորեն գերազանցում է վերլուծաբանների սպասումները և ընդգծում ընկերության ամուր դիրքը AI-ի գլոբալ շուկայում։