Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը իր վրացի պաշտոնակցի՝ Միխեիլ Կավելաշվիլիի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ TRIPP («Թրամփի երթուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») ծրագիրը:
Խաչատուրյանը Կավելաշվիլիին տեղեկացրել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայացած եռակողմ՝ ՀՀ-ԱՄՆ-Ադրբեջան հանդիպման արդյունքների և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավոր տնտեսական ազդեցության մասին։ Ընդգծվել է, որ գործընթացը տրամաբանական շարունակությունն է Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, որն ուղղված է համագործակցության, փոխկապակցվածության և հաղորդակցային ուղիների բացմանն ամբողջ տարածաշրջանում, ասված է նախագահականի հաղորդագրության մեջ:
Նրանք մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման, տրանսպորտային ճանապարհների և լոգիստիկ միջանցքների ապաշրջափակման, այդ թվում՝ TRIPP նախագծի շուրջ՝ քննարկելով դրանց իրագործմամբ տարածաշրջանի և հարակից միջազգային շուկաների համար ստեղծվող նոր հնարավորությունները։
Անդրադարձ է եղել նաև Վրաստանի համար դեպի Պարսից ծոց հասանելիություն ապահովող կապուղիների և Գյումրի-Կարս երկաթուղու գործարկման հնարավոր եղանակներին, որոնք կարող են ամրապնդել Եվրոպա-Կենտրոնական Ասիա տրանսպորտային հանգույցը։
Խաչատուրյանը Թբիլիսիում է պաշտոնական այցով:
Նոյեմբերի 18-ին հաղորդվել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պլանավորում է ներառել Վրաստանը՝ «Թրամփի երթուղու» կազմակերպման համար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերի նոյեմբերի 17-ի հանդիպումից հետո կառավարությունը հայտարարել էր, որ սկսվել են երթուղու իրականացման աշխատանքները։
