Կառավարության նոյեմբերի 6-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2025 թվականի սեպտեմբերի դրությամբ՝ ՀՀ-ում 2118 ուսուցիչ ստանում է 300 000-400 000 դրամ, 863 ուսուցիչ՝ 400 000-500 000 դրամ, 109 ուսուցիչ՝ 500 000-600 000 դրամ, 22 ուսուցիչ՝ 600 000-700 000 դրամ և 2 ուսուցիչ՝ 700 000 դրամից բարձր վարձատրություն։
Այս հայտարարությունից հետո Armenia Today-ին դիմել էին ուսուցիչներ, որոնց պնդմամբ՝ «90% ատեստացիա են անցել, 4-րդ տարակարգ ունեն, բայց վարձատրությունը 450 000 դրամի էլ չի հասնում»։
Armenia Today-ը հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ պարզելու, թե ինչպես է գոյացել նշված ուսուցիչների վարձատրության չափը։
Նախարարությունից հայտնել են, որ 700 000 դրամ վարձատրություն ստացող երկու ուսուցիչներն էլ դասավանդում են «Ինֆորմատիկա» առարկա: Նրանք կամավոր ատեստավորման արդյունքում ցուցաբերել են 90-100% արդյունք, ունեն 4-րդ աստիճանի տարակարգ: Բացի այդ՝ նախարարությունից հայտնել են, որ նրանք ստանում են 25% ԲՏՃՄ լրավճար («Աշխարհագրություն», «Բնագիտություն», «Կենսաբանություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա» առարկաներ) և աշխատում են առավելագույն ծանրաբեռնվածությամբ: Նույն մեխանիզմը գործում է նաև 600-700 հազար դրամ ստացող ուսուցիչների համար, պարզաբանել է ԿԳՄՍՆ-ն։
Մեր խնդրանքով նախարարությունից հստակեցրել են նաև, թե ինչպես է ձևավորվում ուսուցիչների աշխատավարձը։ Ըստ գերատեսչության՝ դա պայմանավորված է նրանց ծանրաբեռնվածությամբ և մասնագիտական զարգացման ու խրախուսման մի շարք ծրագրերով։ Դրանք են ուսուցիչների կամավոր ատեստավորումը, տարակարգի 1-4-րդ աստիճանի շնորհումը (30-50% հավելավճար), ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների խրախուսումը (25% հավելավճար) և գյուղական բնակավայրերում մինչև 100 սովորող ունեցող դպրոցների ուսուցիչների լրավճարների տրամադրումը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը 2 տարի առաջ հայտարարել էր, որ բարձրացված վարձատրությունը ներառում է 200 հազար դրամ դրույքաչափը և 30-50 տոկոս հավելավճարը կամավոր ատեստավորման համար։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշակի փուլից ատեստավորում չանցած ուսուցիչները այլևս դպրոցում աշխատելու հնարավորություն չեն ունենա։
Արաքսյա Սնխչյան
