Դեսպան. Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին՝ թե լավ, թե դժվարին պահերին

Դեսպան. Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին՝ թե լավ, թե դժվարին պահերին

19 նոյեմբերի 2025 – 17:01 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Երևանում Ֆրանսիայի դեսպանատան հիմնադրման 30-ամյակի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ իր ելույթում նշել է, որ Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին՝ թե լավ, թե դժվարին պահերին:

Նա հավելել է, որ Ֆրանսիան եղել է Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին պետություններից և առաջին տերություններից մեկը, որը Երևանում բացել է դեսպանատուն, հայտնում է Արմենպրեսը։

«30 տարի առաջ՝ 1995 թվականի նոյեմբերի 7-ին, մենք առաջին անգամ մեր դրոշը ծածանեցինք այս շենքի վրա։ Պետք է պատկերացնել, թե ինչպիսին էր այդ ժամանակաշրջանը, որը հայերը հիշում են որպես «մութ ու ցուրտ տարիներ»։ Հայաստանը դեռևս կրում էր 1988 թվականի սարսափելի երկրաշարժի սպիները։ Այն բախվում էր պատերազմի, Երևանում մարդիկ կտրում էին ծառերը այգիներում և բուլվարներում, պոկում մանրահատակը՝ տաքանալու համար։ Այդ ժամանակվանից ի վեր Հայաստանը երկար ճանապարհ է անցել»,- ասել է դեսպանը։

Նրա խոսքով՝ ժամանակի ընթացքում Երևանը վերածվել է զարգացող, նորարարական և աշխույժ մայրաքաղաքի, իսկ հայ ժողովուրդն ընտրել է ժողովրդավարության ուղին՝ հայացքն ուղղելով դեպի Եվրոպա։

«Հայաստանը բազմազանեցրել է իր ռազմավարական գործընկերությունները։ Հայաստանը գտել է խաղաղություն կնքելու քաջությունը, որը պակաս չէ պատերազմելու քաջությունից։ Նա ունի կոչում՝ կրկին դառնալու տարածաշրջանի խաչմերուկ։ Մենք այս ճանապարհը միասին ենք անցել՝ ֆրանսիացիներ և հայեր։ Երեսուն տարի Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին՝ թե՛ լավ, թե՛ դժվարին պահերին։ Մեր աջակցությունը Հայաստանին, ինչպես ասել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահը, «անվերապահ է, բացարձակ է և անսասան»։ Սրանք նրա խոսքերն են, որոնք մեր կողմնացույցն են։ Դա այն է, ինչի ուղղությամբ դեսպանատան թիմն աշխատում է ամեն օր։ Երեսուն տարվա ընթացքում այս դեսպանատունը զգալիորեն մեծացել է։ Երբեք մեր թիմը այսքան մեծ չի եղել։ Երբեք այսքան շատ կին կամ երիտասարդ աշխատակիցներ դեսպանատան շարքերը չեն համալրել։ Այստեղ տեղակայված են Զարգացման Ֆրանսիական Գործակալության մասնաճյուղը և Երևանում Ֆրանսիայի Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակը։ Այստեղ է նաև պաշտպանության հարցերով առաքելությունը, որի հիմնումը շրջադարձային կետ հանդիսացավ Հայաստանի հետ մեր հարաբերությունների համար»,- ասել է դեսպանը։

Նա անդրադարձել է նաև դեսպանատան շենքում ընթացող վերանորոգման աշխատանքներին՝ ընդգծելով, որ դրանք նպատակ ունեն բարելավել պայմանները թե՛ անձնակազմի, թե՛ ֆրանսիացի քաղաքացիների սպասարկման, և թե՛ Ֆրանսիայի պատշաճ ներկայացման համար Հայաստանում։

Դեսպանը երախտագիտություն է հայտնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, որը ներկա է գտնվել միջոցառմանը։ Նա հիշեցրել է, որ հենց Վահագն Խաչատուրյանի՝ Երևանի քաղաքապետ եղած ժամանակ՝ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համաձայնությամբ, այս շենքը փոխանցվել է Ֆրանսիային՝ որպես դեսպանատուն։

«Ես կցանկանայի անկեղծ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության նախագահին, ով այսօր իր այցելությամբ պատվեց մեր դեսպանատունը։ Հենց նա էր, որ որպես Երևանի քաղաքապետ՝ նախագահ Տեր-Պետրոսյանի համաձայնությամբ, մեզ նվիրեց Սունդուկյանի անվան թատրոնի դերասանի նախկին տունը հանդիսացող այս շենքը։ Դա հիանալի նվեր էր և գեղեցիկ ակնարկ, քանի որ դիվանագիտությունը նաև թատրոն է։

Ես կցանկանայի հարգել ճարտարապետ Ալեն Դարոնյանի հիշատակը, որը մեզ լքեց 2024 թվականին և որին Ֆրանսիայի կառավարությունը հանձնարարել էր դերասանի տունը վերածել դեսպանատան: Նա նաև այն մարդն էր, ով Հայաստանին ծանոթացրեց մեկ այլ մեծ ֆրանսիացի ճարտարապետի՝ Ժան-Միշել Վիլմոտի հետ, որն այնուհետև Երևանի քաղաքապետարանի կողմից պատասխանատվություն ստանձնեց ավարտելու «Կասկադ» համալիրի խորհրդանշական շինարարությունը»,- հավելել է դեսպանը։

Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանի արտգործնախարարությանը, Երևանի քաղաքապետարանին և գործընկեր կազմակերպություններին՝ հաստատության գործընկերային հարաբերությունների ամրապնդման համար։ Նա ընդգծել է տեղացի աշխատակիցների նշանակալի դերը դեսպանատան գործունեության մեջ։

«Նրանք արդեն երեսուն տարի մեր հավատարիմ գործընկերներն են։ Կցանկանայի շնորհակալություն հայտնել ARFRATEC ընկերությանը, որը ստեղծվել է դեսպանատան վերանորոգման համար, և որը շարունակում է լինել մեր կողքին։ Նաև հղում եմ երախտագիտությունս այստեղ ներկա մեր բոլոր գործընկերներին։ Ես կցանկանայի արտահայտել իմ հիացմունքը մեր առաջին դեսպանի՝ տիկին Ֆրանս դը Արտինգի նկատմամբ, ով դրեց մեր հարաբերությունների հիմքը Հայաստանի հետ այդքան դժվարին ժամանակներում՝ նախ «Հրազդան» հյուրանոցում, ապա այս դեսպանատանը։ Նա դեսպան էր այն ժամանակ, երբ այդ պաշտոնը կանայք համարյա չէին զբաղեցնում։ Նա մնում է օրինակ բոլորիս համար։ Ես կցանկանայի մասնավորապես ողջունել բոլոր նախորդ դեսպաններին և մեր բոլոր գործընկերներին՝ ֆրանսիացի և հայ, որոնք աշխատել և շարունակում են աշխատել այս պատերի ներսում, նրանց, ովքեր այսօր այստեղ են, նրանց, ովքեր մեզ նախորդել են, և նրանց, ովքեր հեռացել են մեզնից։ Մասնավորապես, կցանկանայի իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել մեր տեղացի աշխատակիցներին։

Դեսպաններն ու արտասահմանցի աշխատակիցները գալիս ու գնում են, դիվանագիտական կյանքն է այդպիսին։ Մեր հայ գործընկերները մնում են, նրանք մեր ուժն են և մեր ինստիտուցիոնալ հիշողությունը։ Եվ մեր սրտերը ցավում են․ Խաչատուր Սարիպողոսյանի հիշատակի համար, ով մեզնից հեռացավ այս տարի, Հակոբ Ղազարյանի հիշատակի համար, ով մեզնից հեռացավ չորս տարի առաջ։ Նրանք այսօր մեզ հետ են։ Սիրելի՛ բարեկամներ, ասում են, որ որոշ տներ հոգի ունեն։ Սա վերաբերում է նաև դեսպանատներին։ Դրանք արձագանքում են տոնակատարությունների, անցնող օրերի, սուրճի մեքենայի շուրջ խոսակցությունների, հանդիպումների ուրախության և մեկնումների տխրության հիշողություններին։ Սա ձեր տունն է։ Բոլորդ այստեղ ողջունելի եք։ Կեցցե՛ Հանրապետությունը, Կեցցե՛ Ֆրանսիան, Կեցցե՛ Հայաստանը, Եվ կեցցե՛ ֆրանս-հայկական բարեկամությունը»,- եզրափակել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը։

Leave a Comment